Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

106. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1912, 6 ապրիլի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Չոպանյան,

Փարիզ

Ստացա Ձեր մարտ 26 թվական նամակը. նույնպես ժամանակին ձեռքս հասեր էր «Անահիտ»-ի1 հատորները, շատ շնորհակալ եմ, որ վերջին անգամ տեղ տվիք ընդարձակ հոդվածիս2։

Այսուհետև ինչ օգուտ կունենա իմ ցավելս «Անահիտ»-ի դադարման համար, եղածը եղած է։ Վերջին տասը տարվան մեջ ընդգրկած ասպարեզիս ինծի տված փորձառություններով շատ դյուրությամբ կրնամ հասկնալ Ձեր դրությունը և «Անահիտ»-ին անհետանալու3 պատճառները։ Ինչպես կերևի, միևնույն ճակատագիրը կսպասե նույնպես իմ գործիս, տասը տարի անընդհատ համառ աշխատութենե հետո, կամաց կամաց հուսահատած ակամա պիտի թողում, որ կորսվի ձեռք բերած բոլոր արդյունքները։ Մեր տիրացու ժողովուրդին մեջ հաջողելու համար պետք էր վեղար4 ունենայի, դժբախտաբար այդ ալ ատելով կատեմ։ Պիտի աշխատիմ քիչ մալ դիմանալ, տեսնենք վերջը ուր կերթա։

Շատ ուրախ եմ, որ առողջություննիդ լավ է, գոնե չեք դադարեր պարբերաբար, մեր բազմակարոտ հասարակության Ձեր տաղանդին թանկագին գոհարներեն նվիրաբերելե։

Զիս շնորհապարտ կթողուք, եթե Ձեզ ծանոթ գրավաճառներուն հասցես տաք և կերպով մը պարտավորեցնեք զիրենք, որ բյուզանդական և բոլոր արևելյան գեղարվեստներու մասին լույս տեսած ու տեսնելիք նոր հրատարակություններու հայտարարությունները ինծի ղրկեն, նաև եթե քաթալոգներ ղրկեն, ծախքերը կուտամ ամենայն սիրով։ Մասնավորապես Guai5-ի հնավաճառներուն քաթալոգները կփափագեի միշտ ունենալ։ Ես այնուհետև ուղղակի հարաբերության կմտնեմ իրենց հետ և այլևս Ձեզի նեղություն չեմ պատճառեր։

Ձեզի եթե «Տեկորի» գրքես6 քանի մը օրինակ ղրկեմ, արդյոք հնարավորություն ունի՞ք այդտեղ քանի մը հայտնի հայ արվեստով զբաղող ֆրանսացի հեղինակներու ձեռքը հասցնելու, ինչպես Choisy, Diehl և ըստ Ձեր հայեցողության ուր որ հարկ է, նաև եթե հարմար կտեսնեք, մատենադարաններուն։ Ձեզի հայտնի է,