Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


երբեմն սեփականությունն է հայոց, հայ ճարտարապետի մը ձեռքով կառուցյալ, իր ազգին ոճով, Հայաստանի Արճեշեն գաղթած իրենց բնավայրին անվամբ հիմնած քաղաքին մեջ։ Այս պատմական զուգադիպությունը ի լույս տալեն առաջ կփափագեի ունենալ Ձեր հիշած կտոր երգին բովանդակությունը4, գիտնալ ո՛ր ժամանակի գործն է, ո՛վ է ոտանավորի դարձնող բանաստեղծը և վերջապես ո՛ր ժողովածուին մեջ գտնվիլը5։

Գրիգորիս Պըյըգլիու


108. ԱՏՐՊԵՏԻՆ

1912․ 13 հունիսի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ,

Ձեր նամակը ստացա, նմանապես գրքերը, շատ գեղեցիկ կազմված են, շնորհակալ եմ։ Վռամին հաղորդեցի ինչ որ գրեր էիք, ըսավ, որ նա հիմի ստացած է ամեն ինչ, ես երեկվնե կարգադրեր եմ։

Ձեզ նամակ չի գրելու պատճառը ոչ թե Ձեզմե ցավելս է, այլ մի տեսակ հուսահատ լքումս, որ ամեն բան մոռնալ կուտա. ես իրավունք չունիմ, որ մարդոցմե պահանջեմ անպատճառ իմ վրա մտածել, իմ ուզածիս պես վարվել ինծի հետ։ Դուք ալ ինծի չափ մտահոգ ու ցավերով ծանրաբեռնված զգուշացա և կզգուշանամ իմ դժբախտ գոյությունս Ձեզ հիշեցնելու, Ձերը Ձեզի բավական է: Ուղղակի ես եմ պատճառ այս սև օրերուս։ Թողեք, որ միայն ես քավեմ։

Դժբախտաբար հնար չունիմ լուսանկարներու մասին Ձեր փափագը1 իրագործելու, եթե նույնիսկ մեծամեծ օգուտներ ալ հառաջ գալուն Ձեզ նման լավատեսությամբ հավատացած լինիմ։ Արդեն ծանրաբեռնված պարտքերուս պատճառավ թղթավաճառին քով գնալն ալ անկարելի դարձավ։ Նեկաթիվները տվեր եմ Բարունակյաններուն, որպեսզի ուղղակի Պալաքյանի հաշվույն տպեն մեկ-մեկ օրինակ, որ երբ ինքը, Պալաքյանը գա, ուղղակի վճարե և ստանա։ Կտեսնեք, թե ի՞նչ ստորնություն իսկ հանձն առեր եմ. 40-50 ռ<ուբլի> ծախք ընող և զիս 30—40 նեկաթիվի տեր ընող մարդուն մեկ մեկ օրինակ թղթի կտորներ ալ տալու չափ շնորք ու արժանապատվություն