Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուսանկարել, որոնք անհրաժեշտ են վերակազմություններուս համար։ Գուցե Ձեր ժամանակը չի ներե պատասխանելու, ուստի այս մասին խնդրեմ հայտնեք հ<այր> Միքաելին, և նա կհաղորդե ինձ Ձեր որոշումը։

Ամենախոնարհ հարգանոք՝

Ձեր ծառա Թ. Թորամանյան


111. ԽԱՉԻԿ ԽԱՆ ՍԱՐԱՃՅԱՆԻՆ

1912, 19 սեպտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծ պ. խ. Սարաճյան

Դավրեժ

Մեծարգո բարեկամ,

Մեծ հաճույքով ստացա Ձեր սեպ<տեմբերի> 10/23 թվական պատվական նամակը, չափազանց շնորհակալ եմ անոր մեջ ծրարված սրտաղեղ արտահայտություններեն, որոնց անկեղծությանը լիովին հավատացած եմ։

Բայց միևնույն ժամանակ Դուք, Ձեր քաղցր ու հաճելի ներկայությամբ ոչ նվազ շենցուցիք հայրենի ավերակներու մեջ ավերակացած սիրտս: Իմ տասնամյա ավերակային պանդխտությանս մեջ շատ շատեր եկեր ու անցեր էին այն տեղեն, սակայն շատ քիչերու հիշատակը արձանագրված է իմ տարաբախտ սրտիս վրա, ինչպես Ձերը: Վստահ եմ, որ այսուհետև զիրար բնավ չենք մոռնար և անընդհատ թղթակցություններով մշտապես զիրար կսփոփենք, որուն իհարկե ես շատ ավելի պետք ունիմ։

Որչափ զարմանալի է, որ մարդիկ առհասարակ միևնույն իրականությունը իրարմե բոլորովին տարբեր կերպով կտեսնեն ու կըմբռնեն: Ես ալ կզարմանամ մարդոց իմ տեսակետով ունեցած համոզումներուն վրա, որուն ենթական ես եմ, առարկան ես եմ, սակայն կստիպեն զիս հավատալ եղածեն շատ տարբեր երևակայական իրողության մը: Բախտավորություն կանվանեն այն դժբախտությունը, որնոր ես իմ ձեռքովս եմ ստեղծեր ինձ համար և փառաց պսակ կհամարեն այն փուշը, որ գլխիս վրա արյունաներկ բոլորված է. ի՞նչ փառք է և ի՞նչ պսակ, որ ամեն բանի մեջ նախանձոտ մարդկությունը երբեք չի մոտենար իմ այդ փաոքին և սիրահոժար կցանկան զիս այդ փառքով փառավորված տեսնել։