Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց թողունք այս մելամաղձոտ խոհերը, որոնք արդեն անօգուտ են մեր սրտաբեկ դրությունը փոխելու, և զբաղվինք օրվան հաճելի տպավորություններով։ Միքաել հայր սուրբը արդեն պատմել էր ինձ Ձեր Կարսի մեջ հանդիպումը, իսկ Խ. Իսահակյան անուն մեր մի քաղաքացին Ձեր ուրախ բարևները բերավ ինծի Հառիճեն: Ինչպես կերևի Սևան գնալու մտադրություննիդ թողուցիք, թեև ես ալ չեմ տեսած Սևանը, սակայն ըստ շատերու վկայության իր վաղեմի ճարտարապետական հարստութենեն այժմ գրեթե լիովին մերկացած է և այնքան ալ մեծ տպավորություն պիտի չի գործե Ձեր վրա, բացի իր ծովահայաց տեսարաններեն։ Սակայն արժեր, որ անգամ մը տեսնեիք իմ տեսնել չի կրցած Հաղբատն ու Սանահինը երկաթուղվո գծին վրա, որոնց հատ ու կոտոր լուսանկարները միայն տեսնելով՝ հրճվեր ու սքանչացեր եմ անհայտացող սերունդի ստեղծագործող հանճարին և երևակայության թռիչքին վրա։

Ներփակ նամակը Միքաել վարդապետին ուղղյալ, այսօր ղրկեցի Անի, ես ինքս ալ կմեկնեմ Թիֆլիս, քանի մը օրվան համար: Վերադարձիս առաջին գործս կըլլա պատրաստել Ձեզ խոստացածս պատկերները և խրկել անմիջապես։ Հիրավի Ձեզմե քանը մը օր ետքը ես իջա քաղաք, սակայն տանտիրոջս1 մահվամբ ինկած տանս մեջ տիրող անկերպարան վիճակը և իմ ալ անհաստատ դրությունս թույլ չի տվին մինչև այսօր ոչ մի աշխատանք կատարելու, ուստի կխնդրեմ ներողամիտ լինիք։

Ընդունեցեք ջերմագին բարևներս՝

հարգանոք Թ. Թորամանյան

112․ ԱՏՐՊԵՏԻՆ

1912, 21 հոկտեմբերի
Թիֆլիս

Սիրելի պ. Ատրպետ,

Նամակդ ստացա։ Ես կարիք չունեմ Ձեզ վերստին ճանչնալու իմ համոզումներս հիմնական են Ձեր նկատմամբ, բայց իմ հավատս և համոզումներս բավական չեն Ձեր ժողովրդականությունը պահպանելու։ Ինչպես կտեսնեմ, Ձեր քանի մը օրվան բացակայությունը Ձեր գործերու անկերպարան դրության մեջ, և բացակայելու օրերը շատ անախորժ և աննպաստ հետևանքներ պիտի ունենան Ձեր անձին նկատմամբ՝ բարոյական տեսակետով։ Որչափ որ լսածներս