Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

115. ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

1913, 16 մարտի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ և սիրելի բարեկամ

պ․ Լ․ Լիսիցյան

Այս րոպեին ստացա նամակնիդ և շտապում եմ պատասխանել:

Գալս վճռված է1. ամսիս 20-ին կճանապարհվիմ, եթե սակայն բոլորովին ապաքինիմ վերահաս հիվանդութենես, որով երեք շաբաթեն ավելի էր, որ կտառապեի։ Հանակնկալս վրաս անօրինակ տենդ եկավ, որուն հետևեցավ ամբողջ մարմնովս դեղնություն. այժմ երկու բժիշկներու ջանքերով գրեթե անկողնես վեր կացած եմ և դեղնությունս զգալի չափով մեղմացած։ Բժիշկները հույս կուտան, որ կարող եմ 20-ին մեկնել, այնուամենայնիվ դեռ կասկածի մեջ են, ուստի շտապով կգրեմ այս նամակս, որպեսզի եթե հանակնկալս հարկ լինի միմիայն վատառողջությանս պատճառով 3—4 օր ևս ուշանալ, ամենևին կասկածներու չի ենթարկվիք, որովհետև վախենում եմ, որ ճանապարհին ավելի տկարանամ և ավելի ծանր հիվանդություն գա վրաս։ Ուստի առաջիկա երեքշաբթի բժիշկները կուգան, եթե ճանապարհորդելս անվտանգ համարեն, անշուշտ հետևյալ օրն իսկ կմեկնիմ երկաթուղվո կայարան, իսկ եթե չի վճռին և 3—4 օր ևս հետաձգեն, այն ատեն ակամա պիտի ստիպվիմ մնալ այդ քանի մը օրը։

Խոնարհ հարգանքներս պ․ Ստչիդովսկիին և Ձեզ սիրալիր բարևներս. ցտեսություն՝

Թ. Թորամանյան


116. ԲՐՈԻՏՈՍԻՆ

1913, 22 ապրիլի
Վիեննա

Սիրելի բարեկամ պ․ Բրուտոս,

Երեկ պ․ Ս. Հախումյանցի նամակեն իմացա Ձեր բոլոր քաշած չարչարանքները ինձ հասնելիք 658 ռ.1 73 կ․-ի չարաբաստիկ գումարի համար։ Նախապես ընդունեցեք իմ խորին շեորհակալություններս, անփոխարինելի ծառայություն էր, որ մատուցիք ինձ։