Ատանա գնաց, չե՞ք կարծեր, որ այդտեղ մի քանի տասնյակ ոսկի գրպանը դրավ ու վերադարձավ հայոց ազգի արյան գին...։
Ո՛չ բարեկամ, այդպես փոքր մարդոց ինծի արած օժանդակությունը չեմ ուզեր, միայն թե Ձեզ պիտի խնդրեմ, որ նամակիս մեջ դրված այցետոմսը տաք իրեն և պահանջեք Էջմիածնի մեջ իմ անունով դրամ տվողներուն ցուցակը և յուրաքանչյուրին տվածին քանակը, որպեսզի ընդհանուր հաշվետվությանս մեջ հրատարակեմ Վիեննայեն դարձիս։ Ես ուրիշ անգամ ալ ուզեր եմ, նա չե տվեր և անշուշտ ամաչում է, թե իր դրած ողորմելի գումարից և թե ռուսահայոց ճնշող մեծամասնությունից, այնուամենայնիվ դա իմ իրավունքս է, և ես պարտական եմ հրատարակել հառաջիկային և յուրաքանչյուր նվիրատուի անունը յուր տված գումարի քանակով միասին։ Խնդրում եմ այլևս ուրիշ խոսք չանեք անոր հետ իմ մասին։ Խնդրում եմ ներողամիտ եղեք, որ այս անգամ այստեղի գործերուս մասին չեմ գրեր մանրամասնաբար։ Հառաջիկային կգրեմ անպատճառ ի գոհացումն Ձեր ազնիվ սրտի։ Շատ լավ ընդունելություն5 գտա, բարոյապես վարձատրված եմ համարում ինքզինքս, կհուսամ որ լավ ապագա6 ունենա աշխատությունս, թեև ոչ այնչափ շուտ։ Վերջապես, դեռ կա ժամանակ, որ ես ինքս ալ իմանամ գործիս իսկական վիճակը, Ձեզ անմասն չեմ թողուր, վստահ եղեք։
Թ. Թորամանյան
118. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
Վիեննա
Մեծարգո պ. Ս. Լիսիցյանց,
Հարգելի բարեկամ,
Ստացա Ձեր ուղարկած 200 krоn-ի գումարը, շատ շնորհակալ եմ. ինձ հայտնի է, թե որպիսի դժվարություններով կարողացաք այս փոքրիկ օգնությունը հասցնել. իսկապես ցավում եմ, որ անտեղի նեղություններու եմ դատապարտած իմ բարեկամները, սակայն հույս ունիմ, որ այս ճանապարհորդությունս վերջ կդնե այս տագնապներուն, եթե ոչ բոլորովին, գեթ ըստ մեծի մասին։