Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հին fronton-ի cօrniche-ին իր վրա պահված modillon-ներու ձևով։ Արևելյան և արևմտյան կողմերեն fronton-ներու տակ tympan կազմված է հորիզոնական corniche-ով մը ինչպես Էջմիածնի և Տեկորի եկեղեցիներու վրա։ Վրան ամբողջովին քարե կամարով ծածկված է եղեր։ Այդ կամարածածքի պարզ հետքը մնացեր է ներսի կողմեն արևմտյան պատին վրա։ Շիրվանճուգի եկեղեղեցվո լուսանկարներն են թիվ 42 հյուսիս-արևմուտքեն, թիվ 43 հարավ-արևելքեն։

Վերադառնալով Շիրվանճուգեն ճանապարհվեցա դեպի Սյոկյուտլի հայաբնակ գյուղը։ Դեռ Սյոկյուտլի չհասած 5—6 վերստ հեռավորության վրա, ձորին մեջ կա մի կիսավեր եկեղեցի։ Այս եկեղեցին դատելով իր ոճեն X—XI դարերուն կանգնված պետք է լինի։ Հինգ հատ արձանագրություն կա վրան, բայց մեծ մասամբ մաշված, եղծված ու թափված։ Գեթ եղած վիճակին մեջ անգամ լուսանկարել և արտագրել չէի կարող ժամանակիս կարճության և տեղին անհարմարության պատճառով։ Լուսանկարեցի միայն եկեղեցվո ընդհանուր տեսքը՝ թիվ 44 լուսանկար, հարավ-արևելքեն և թիվ 45 լուսանկար հարավային դրան արձանագրությունը ՈԾԳ թվականի, դժբախտաբար շատ եղծված։ Ավագ խորանի երկու կողմի փոքրիկ մատուռներու դրսի կողմեն կան երկու փոքրիկ արձանագրություններ, որոնք կհայտնեն թե այդ մատուռներեն միույն մեջ պատարագ կատարել սահմանված էր պատերազմի մեջ մեռնողներու համար, իսկ մյուսին մեջ բոլոր աշխարհի մեջ անտեր ու անհիշատակ մեռնողներու համար։

Սյոկյուտլի գյուղին մեջ ուշագրավ ոչինչ չի տեսա։ Ժամանակս ալ չէր ներեր խուզարկություններ ընելու, ուստի ճանապարհս շարունակեցի դեպի մոտակա Ատըյաման գյուղը, ուր կա մի մեծ և փառավոր եկեղեցի անկասկած VII դարու գործ։ Ներսի կողմեն բոլորովին նման է Էջմիածնի մոտի Հռիփսիմեի վանքին, իսկ դրսեն Մաստարայի և Թալինի ոճերը հիշեցնող կազմություն ունի: Թիվ 46 լուսանկարը առնված է հարավ-արևելքեն, թիվ 47 հյուսիս-արևմուտքեն։

Ատըյամանի արևելյան կողմը լեռնալանջի բարձունքներուն վրա կան հնագույն բերդերու մնացորդներ առանց կրաշաղախի անտաշ և հսկա որձաքարերով շինված, ես կարողացա այս բերդերեն մեկը միայն տեսնել։ Իմ այցելած բերդն է թիվ 48 լուսանկարը, որ մոտավորապես Անիի միջնաբերդի չափ տարածություն ունի, քառակուսի բուրգերով շրջապատված է հարավեն և արևմուտքեն.