մյուս կողմերը աննշմարելի են։ Դուռ մը կերևի արևմտյան կողմեն, ուրկեց հնարավոր էր չափել պատերուն հաստությունը, որ ավելի քան 2 և կես մեթր է․ թիվ 49 լուսանկարը այս բերդի պատերին մի մասն է մոտեն լուսանկարված։
Ատըյամանեն քանի մը վերստ դեպի հարավ, Մաստարա գյուղի մոտիկ կա Մազարճուգ անունով մի գյուղ, փոքր Պուղութլու սարին ստորոտը։ Այստեղ ալ գտա մի շատ հնագույն փոքր եկեղեցի1, որուն ծածքը և հարավային պատը փլած են, հյուսիսային պատի վրա ներսի կողմեն եղած որմասյուներու ձևը և անոնց վրայի աղեղներուն շատ սուր fer a cheval դարձվածքը V դարու ոճը կը հիշեցնե, ինչպես կտեսնվի թիվ 50 լուսանկարի վրա։ Գյուղացիք այս եկեղեցվո անմիջապես հարավային կողմին կից, հին գերեզմանատնեն հավաքեր և եկեղեցվո խորանին մեջ շարեր են զանազան տեսակ խաչքանդակներու և ուրիշ զարդաքանդակներու կտորներ, որոնց մեջ, ի միջի այլոց կամ կոթողաձև գերեգմանաքարերու բեկորներ վրան սրբոց պատկերներ քանդակված։ Թիվ 51 լուսանկարը այս քանդակներու մի փոքրիկ խմբակն է։
Այս գյուղի մեջ եղեր է մի ուրիշ հնագույն եկեղեցի2։ Գյուղացիք այս եկեղեցիին միայն արևելյան պատը թողելով, մնացած մասերը մինչև հիմը քանդեր և նորեն շիներ են իբրև գյուղական եկեղեցի։ Թիվ 52 լուսանկարը հին corniche-ներեն պահված են որոնք V—VII դարերու ոճին կպատկանին։ Արևելյան պատուհանեն ցած մի մեծ քարի վրա կա մի շատ եղծված ընդարձակ արձանագրություն։ Այս արձանագրությունը ի սկզբան ինձ թվեցավ արապերեն, սակայն լավ քննութենե հետո տեսա որ ոչ թե արապերեն այլ ասորերեն է։ Ինքը շատ եղծված էր, արեգական լույսն ալ անցեր էր արդեն, այդ պատճառավ ալ հնար չեղավ լուսանկարել։ Իմ կարծիքով այս արձանագրությունը լուսանկարե ավելի ասորերենի վարժ գիտնականի աչքերու կը կարոտի՝ ավերիչ ժամանակի ձեռքեն գեթ քանի մը բառ կորզելու համար։
Այս Մաղարճուգ գյուղը եղավ իմ ճանապարհորդությանս վերջին կետը։ Ցավոք սրտի ստիպված էի ընդհատել ինձ հաճելի այս ճանապարհորդությունը միջոցներու պակասության պատճառով։ Ուստի վերադարձա այս գյուղեն ուղիղ Ալեքսանդրապոլ ճիշտ մեկ ամիս ճանապարհորդելեն հետո։
Վերադառնալես 8-10 օր հետո եկավ պրոֆ․ Ստչիգովսկին, անոր հետ ալ 20 օրվան մի precipitant3 ճանապարհորդություն4 կատարեցի, առանց սակայն շոշափելի օգուտ մը տեսնելու5։