Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին օրերս, քանի դեռ ձյունը չէր եկած, մի երկու փոքրիկ ուղևորություններ կատարեցի մեր քաղաքի մոտակա շրջակաները։

Ալեքսանդրապոլ—Թիֆլիզ երկաթուղու գծի հյուսիսային կողմը, քաղաքես 10-12 վերստ հեռավորության վրա, այցելեցի Դարբանտ կոչված հայաբնակ գյուղը, ուր թեև կանգուն կամ կիսականգուն հիշատակարաններ չիկան, սակայն խիստ շատ կան հեթանոսական գերեզմաններ։ Այս գերեզմանները բնականաբար զիս չէին հետաքրքրեր, քանի որ առանց պեղումի ապարդյուն է։ Գնացի գյուղացվոց սեփական գերեզմանատունը, որ ի հնումն ալ եղեր է գերեզմանատուն։ Այս գերեզմանատան մեջ կային շատ մը կոթողաձև գերեզմանաքարեր ինչպես Երերուքեն և Ագրակեն բերվածները կամ ինչպես իմ Հառիճի մեջ գտածը։ Բայց առհասարակ ամենն ալ չափազանց մաշված և վրայի քանդակները գրեթե անհայտացած, ջոկելով անոնց մեջեն փոքրիշատե նշմարելի կամ կիսաեղծ վիճակ ունեցողները լուսանկարեցի։ Թիվ 53, 54, 55 լուսանկարներ այդ գերեզմանաքարերու երեք զանազան օրինակներն են։ Իսկ 56, 57, 58 թիվ լուսանկարները մի քարի երեք կողմերն են իրենց տարօրինակ քանդակներով։ Մինչև այժմ իմ տեսածս այս ոճի գերեզմանաքարերը գրեթե առանց բացառության իրենց վրա ունին կրոնական (քրիստոնեական) խորհրդանշաններ և սրբոց պատկերներ գլուխնին nimbe-ներով։ Թալինի հին գերեզմանատունը որ շատ հարուստ է այս կարգի քարերով, ուր կան նաև խոզի գլխով լուսապսակավոր (nimbe) սուրբեր, այնուամենայնիվ ոչ մի կասկած չեն վերցներ, որ անոնք քրիստոնեական գերեզմանաքարեր են։ Ինչպես կա մի քարի վրա եկեղեցական զգեստներով մի մարդ խոզի գլխով և գլխուն շուրջը nimbe, ձեռքը գավազան մը բռնած է, որուն ծայրը խաչ է։ (Թերևս այս խոզագլուխը կապ ունի հայոց Տրդատի ավանդության6 հետ)։ Դարբանտի քարերը ոչ միայն այս խորհրդանշաններե չունին, այլև քանդակներու ձևերը և մարդկանց կերպարանքները հին ասորա-քաղդեական bar-relif-ները կհիշեցնեն։

Դարբանտեն հետո այցելեցի մոտակա Հոռոմ գյուղը, ուր գիտեի արդեն թե կա մի ընդարձակ տարածության վրա, հսկա որձաքարերով շինված ոչ միայն բերդերու և պարիսպներու մնացորդներ, այլև անթիվ բնակությանց հետքեր, ինչպես կան Հոռոմի մոտ Ղափըլի գյուղի և շրջակայից մեջ։ Թեև Արագածը շատ հարուստ է այս ոճի մնացորդներով, բայց ոչ մեկ տեղ Հոռոմի չափ ընդարձակ տարածության վրա խիտ բնակությանց մնացորդներ չիկան։ Մոտավորապես