3 քառ<որդ> վերստ տարածության վրա ամեն քայլափոխի կտեսնվին պարզապես քաղաքի մը մնացորդները իրենց տներով, փողոցներով և այլն և այլն։ Քանի մը լեռնացած բլուրներ գրաված է այս քաղաքատեղին, որոնց մեկուն վրա շատ որոշ է մի միջնաբերդ, որուն գյուղացիք Ղալայչի անունը կուտան, ավանդաբար թերևս Ղալա-իչի բառեն աղավաղված։
Թիվ 58 a, 59, 60 լուսանկարները միջնաբերդի պատերեն առնված են։ Թիվ 61, 62, 63 միջնաբերդեն դուրս ուրիշ երկար պարիսպներու մասեր են։ Թիվ 64 լուսանկարը թիվ 63-ի մեջ երևցած պատի մեկ կտորն է մոտեն առնված։ Թիվ 65 լուսանկարը կներկայացնե միջնաբերդի գագաթը ուր կան այժմ գաճ ու կրով շինված միակ շենքի մնացորդ մը, այդ շենքը եղեր է մի եկեղեցի, այս եկեղեցվո շուրջը երևում են կիսաբոլորակ բրգանման մասեր, չեմ կրցած հասկնալ թե abside-ներ են թե բուրգեր։
Միջնաբերդի արևելյան կողմը, պարիսպեն դուրս կա մի հրապարակ ուր մի ժամանակ սալած է եղեր հսկայական քարերով։ Այս հրապարակին շուրջը մեծամեծ որձաքարերու վրա հատկապես փորագրված են Ս-ի կամ Ո-ի ձևով նշաններ, երբեմն մեկ հատ, երբեմն քանի մը հատ միասին։ Այս փորվածքներեն մեկուն պատկերն է թիվ 66 լուսանկարը։
Ընդհանուր տարածության վրա փոքրիշատե գաղափար տալու համար ես լուսանկարեցի թիվ 67, այս տարածությունը ինչ որ լուսանկարին մեջ կերևա հազիվ ընդհանուր տարածության հինգերորդ կամ վեցերորդ մասը լինի։