Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ստչիգովսկու հետ կատարած ճանապարհորդությանս ժամանակ իսկ շատ մը կարևոր նյութեր լուսանկարելե զրկվեցա ակամա վերապահելով հառաջիկային։ Թեև առայժմ դեռ պատրաստ միջոցներ չունիմ, սակայն ամեն կերպ պիտի աշխատիմ, որ այս տարի որչափ որ կարելի է կանուխ ձեռնարկեմ ճանապարհորդության6 և մինչև աշնան վերջը բոլորովին վերջացնեմ ծրագրիս պահանջած նյութերը, որովհետև միանգամայն հոգնած եմ և հուսահատված հետագային շարունակելու: Ուստի խոնարհաբար խնդրում եմ թախանձանոք, որ միջնորդ լինիք Մասնաժողվի առջև և օր առաջ, ուղարկվի բաց անցագիր7 ներկա 1914 թվականին Երևանի և Կարսի շրջաններու մեջ չափագրել և լուսանկարելու համար, և եթե հնարավոր է շատ սահմանափակ կերպով պեղումներու թույլտվություն լինի, այնչափ որ հնարավորություն ունենամ կարևոր հիշատակարաններու հատակագծեր և վերակազմություններ ճշտել։ Ես ճշտիվ համարատվություն կներկայացնեմ իմ բոլոր գործունեությանս նկատմամբ, եթե անհրաժեշտ կնկատվի պաշտոնապես, եթե ոչ արդեն Ձեզ կներկայացնեմ ամենը մասնավորապես։

Արդ մնամ ի սրտե խորին հարգանոք Ձեր ծառա՝

Թ. Թորամանյան


123. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1914, 11 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ Տեր,

Ի նկատի ունենալով Ձեր բազմազբաղ վիճակը, խոնարհաբար ներողամտություննիդ խնդրելով, ուզում եմ հիշեցնել իմ բաց անցագրի1 մասին։ Գարնան օրերը մոտենում են, այստեղ ալ եղանակները լավ են գնում, որպեսզի պարապ օրեր չի կորցնեմ, շնորհ բերեք անցագրիս համար միջնորդելու, որպեսզի գոնե մարտի սկիզբներին պատրաստ ունենամ։ Շտապում եմ, որովհետև այս տարվա ճանապարհորդությունով2 վերջ կդնեմ իմ աշխատանքներուն, ուստի որչափ որ հնարավոր է, պետք է օգտվիմ մեկ երկու ամիս ավելի։

Խնդրում եմ գրեցեք, եթե ունիք որոշ հանձնարարություններ ամենայն սիրով պատրաստ եմ կատարելու։

Մնամ ամենախոնարհ հարգանոք

Ձեր ծառա՝ Թ. Թորամանյան