124. ԲՐՈԻՏՈՍԻՆ
Ալեքսանդրապոլ
Ազնիվ և սիրելի բարեկամ պ. Բրուտոս,
Մեր թանկագին բարեկամ պ. Սիմյոնից մի նամակ ստացա, որ կգրե Ձեր մասին, թե հայտներ եք իրեն Պոլսում իմ գրքերուս մեծ պահանջ լինելու մասին։ Հիշում եմ, որ մի անգամ ալ ինձ գրեր էիք, բայց ես իմ դժբախտ գործերուս մեջ խեղդված՝ չի կարողացա Ձեզ պատասխանել, ներողամիտ եղեք։
Ճիշտը խոսելով՝ ես երբեք հավատ ընծայել չէի ուզում Պոլսո մեջ իմ գրքերուս պահանջ լինելու մասին, որովհետև հենց տպված ժամանակ ալ պ. Ատրպետի միջոցավ Պոլիս Պալենցին ուղարկեցի 20 օրինակ գիրք, դեռ մինչև այսօր այդ քսան գրքին փողը չեմ ստացած։ Ատրպետը այստեղ կըսե, որ ինքը դեռ չէ ստացած Պալենցեն այդ քսան գրքի փողը, իսկ եթե չեմ սխալվիր Պալենցն էլ Ձեր միջոցավ հայտներ էր, որ ինքը վաղուց վճարեր է։ Դուք ինքներդ լավ գիտեք, որ ես տալու և ետևեն սպասելու դրության մեջ չեմ, արդեն գրեթե սպառելու վրա են գրքերս, այնպես որ մնացածը այստեղ ալ կծախվի։ Բայց մեկ կողմանե Ձեր բարեկամական առաջարկը, մյուս կողմանե պ. Պալենցի ինձ հետ ունեցած մոտիկ ծանոթությունը կհարկադրե զիս, որ ղրկեմ այս անգամ 25 օրինակ Ձեր հասցեով։ Եթե Պալենցը ամբողջությամբ կվերցնե, այն ատեն փոխարենը թող ղրկե անմիջապես՝ բարեկամի մը անունով, իրմե ուզածս վիպասանությունները։ Եթե պակաս կմնա, թե ուզե գիրք կփոխադրեմ և կամ դրամ, իմ ղրկածներուս փոխարեն ես կստանամ այստեղ վեպերու փոխարժեքը։ Եթե Ձեզ համար ալ առանձին ուզեք կղրկեմ։
Խորին հարգանքներով մնամ Ձեր՝
<Հ. Գ.> Միշտ գրեցեք, շատ ուրախ կլինեմ։