Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

125. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1914, 25 մարտի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ Տեր,

Լիահույս էի, որ մինչև ցարդ կստանայի երկու նամակներով Ձեր մեծութենե խնդրածս միջնորդությամբ ղրկվելիք բաց անցագիրս1 այս ներկա տարվան համար։ Դժբախտաբար, մինչև հիմա չիմ ստացած, անտարակույս դարձյալ Ձեր չափազանց զբաղումները արգելք եղան։ Ուստի, ներկա նամակովս կրկին թախանձանոք խնդրում եմ միջամտել հարկ եղած տեղը, որ ղրկվի շուտով սովորական իրավունքները Երևանի և Կարսի նահանգներու նկատմամբ: Ես հրաժարվում եմ խնդրածս մասնավոր պեղումների իրավունքից, եթե այդ մասին դժվարություն կլինի. բավական են նախկին չափագրելու և լուսանկարելու իրավունքները։

Վստահ եմ, որ Ձեր կողմանե պիտի չի մերժվի այս մեկ տարվան համար ալ Ձեր միջամտության շնորհը. այս տարվան վերջին միանգամայն վերջ կդնեմ իմ աշխատանքներուս։

Ընդմիշտ երախտապարտ Ձերդ մեծության

խոնարհ ծառա՝ Թ. Թորամանյան


126. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1914, 15 ապրիլի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ Տեր,

Անսահման բերկրությամբ կարդացի Ձեր նամակը, որով կավետեիք ինձ բաց անցագրիս1 առաքումը։ Այս միակ տարին է, որ ակամա Ձեզ ձանձրություն պատճառեցի. որչափ որ հնար է այս տարի պիտի ջանամ ամփոփել գործս և միանգամայն վերջ դնել դժբախտ կացությանս։ Ձեզ հայտնի է, թե որչափ տառապեցա, այլևս չեմ կարողանում տանել, ուստի խոնարհաբար խնդրում եմ ընդունեցեք ջերմագին շնորհակալություններս և անկեղծ երախտագիտությունս հանդեպ Ձեր ազնիվ ու վեհանձն հոգածության։

Ուրախությամբ պատրաստ էի միշտ կատարել Ձեզմե եկած ամեն տեսակ հանձնարարություն, նույնիսկ առանց ոևէ վարձատրության: