Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանը չի հաջողվեց, այլև շատ քիչ մնաց, որ նույնիսկ այս ճանապարհորդութենես2 ալ զրկվիմ։ Երկրաչափական ամենակարևոր գործիքներս ծախեցի աննշան գնով, և այդ ողորմելի գումարով պիտի ճանապարհորդեմ՝ գեթ Գիտությանց Ճեմարանին հանձնարարությունը կատարելու համար։ Թե որչափ կտևե այս ուղևորությունս, այժմս չեմ կարող ոչինչ ըսել, միայն այսչափ կարող եմ ըսել, որ իմ այս տարվան ծրագրին հազիվ քառորդ մասը կարողանամ իրագործել։

Գուցե հարմար առիթ համարեք Դուք ալ զիս հանդիմանելու, որ ես ինքս եղած լինիմ մասամբ իմ այս դառն կացությանս պատճառ՝ թույլ չի տալով Ձեզ իրագործել Ձեր ազնիվ ու վեհանձն ծրագիրը։ Սակայն ես վստահ եմ, որ այդ մասին միանգամայն պիտի արդարանամ Ձեր առջև, երբ շուտով ժամանակը կհասնի և ես ինքս կզինեմ Ձեզ աներևակայելի փաստաթղթերով՝ յաչս հոռետես հասարակության մը հրապարակ դուրս գալու համար։ Այժմ խիստ կաշկանդված եմ և ժամանակը չափազանց անհարմար։ Երբ մարդ քաղաքակրթված ավազակներու ձեռք կիյնի, անկեց ավելի սոսկալի վիճակ երևակայել չէ կարելի, մարդուս ոչ միայն նյութականը, այլև բարոյականը կսպաննեն։ Ես այժմ այդ վիճակին մեջ եմ. շուրջս պտտող քաղաքակիրթ հռչակավոր ավազակներ մեկե շատ ավելի են. անոնք հյուսում են անդադար ցանցեր՝ զիս մեջը կաշկանդելու և զիս միանգամայն անպետքացնելու համար։ Այդ ինձ շատ պարզ հայտնի է և այդ ավազակներուն ուղղակի, թե անուղղակի գործակցում են ինձ և Ձեզ ծանոթ էնտելիկենտ մեծ բարեկամներս: Ինձ մնում է առայժմ լռել և հառաջ գնալ միանգամայն տգետ և անտեղյակ ձևանալով, մինչև որ ստիպվին իրենց վերջին խոսքը ըսել: Ինչպես կերևի այդ ալ շատ չի տևելու, թերևս մինչև աշնան վերջը: Այն ժամանակ միայն ես ինքզինքս ազատ պիտի համարիմ ամեն տեսակ փափկանկատություններե և բարոյական կաշկանդումներե, համարձակ պիտի իջնիմ հրապարակ վերջին անգամ, վերջնականապես ասպարեզեն միանգամայն քաշվելու անդառնալի վճռականությամբ, Ձեզ և Ձեզ նման հազվագյուտ բարեկամներու աջակցության պիտի դիմեմ, և պիտի ըսեմ Ձեզ՝ արեք այն, ինչ որ Ձեր խիղճն ու սիրտը կտրամադրե։ Պարզապես Ձեր ձեռքը պիտի հանձնեմ բոլոր գիտնական բարձրագույն հաստատությանց գիտնական վկայություններ, մեծամեծ գիտնականներու, անհատական մեծարանոք լեցուն գնահատական գրավոր խոստովանություններ, վերջապես, հարյուրավոր դոկումենտներ3, որոնք ծայրահեղ համեստութենես