դրդված ծածկում էի, որպեսզի մեռնելես հետո միայն հրապարակ գան յամոթ և ի նախատինս մեր անօրինակ էնտելիկենցիայի: Բայց այն պարագային, երբ ես երևակայածս կամ համոզված, չարաբաստիկ եզրակացության կհասնիմ ինձ դավաճանող բարձրագույն կրթությամբ օժտված քարեղեն արարածներու կողմանե, այն ատեն բնականորեն ինքզինքս արդեն կենդանի մեռած պիտի համարեմ և թույլ տալով խոսել ամենուն4...
130. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
Ատթյաման գյուղ
Ազնիվ բարեկամ պ. Գ․ Լևոնյան,
Այժմ ճանապարհորդության1 մեջ եմ Արագածի լանջերում, մոտ տասը օր է, որ գտնվում եմ այս գյուղում։ Մի դժբախտ պարագա հարկադրեց զիս այստեղից գրել Ձեզ և Ձեր աջակցությունը խնդրել մի բարենպատակ ձեռնարկի համար։ Գյուղումս գտնվում են երկու փոքրիկ մանկիկներ՝ ի հորե որբացած ավելի քան մի տարիե ի վեր, իսկ ծայրահեղ աղքատությունից բռնադատված մայրերնին ալ ամուսնացեր է՝ թողելով անտեր երկու դժբախտ որբեր՝ մին մանչ՝ 6 տարեկան, իսկ մյուսը աղջիկ՝ 3 տարեկան։ Ամենադժբախտ դրության մատնված այս վիճակը գյուղացի մի քանի կարեկից անձանց ուշադրության առարկա լինելով՝ միտք հղացեր են ղրկել որբիկները Տփխիս և հանձնել ոևէ բարեգործական կամ որբախնամ հիմնարկության։ Նամակս Ձեզ ներկայացնողը մեկն է նրանցից, որ հանձն առած է գալ այդտեղ և ամեն հնարավորն ի գործ դնել այդ դժբախտ արարածները թշվառութենե ազատելու համար։ Ուստի ես ևս իբրև ականատես խնդրում եմ, որ պետք եղած աջակցությունը ցույց տաք և խորհուրդներ տաք ինչ կերպ գործելուն և ում դիմելու մասին, որպեսզի հաջողությունը երաշխավորյալ լինի և ձմեռվան վերահաս վտանգներեն ազատվին այդ երկու տարաբախտ անմեղները։
Ձեր Թ․ Թորամանյան