Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

135. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1916, 27 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Հարգելի և ազնիվ բարեկամ

պ․ Գ. Լևոնյան,

Ներեցեք, որ մի քիչ ուշ եմ գրում Ձեր նամակի պատասխանը, եթե մոտիկից ծանոթ լինեիք իմ դրության հետ, վստահ եմ, որ ըստ ամենայնի անմեղադիր կլինեիք։ Շատ ցավում եմ, որ ստիպված եղա՝ երկար խորհելուց հետո, բացասական պատասխան տալ Ձեր առաջարկին1, վասնզի պարզապես անկարող վիճակի մեջ եմ ոևէ չուրջ բան արտադրելու համար։

Եթե մեր մեջ թղթակցություն լիներ, Դուք վաղուց պետք էր գիտնայիք, թե ես հիրավ ամբողջ ամառը հիվանդագին տառապում էի, դեղերով էի միայն սնանում. գոնե լիովին առողջանայի, դրանով գոհ կլինեի, ձմեռը փոքրիշատե թուլացած էր հիվանդությունս (ըստ բժշկաց հնացած մալարիա) բայց մոտ երկու ամիս է, որ սաստիկ կտանջվիմ ստամոքսի կամ աղիքներու չարատանջ ցավերով: Երկու անգամ միայն բժիշկի եմ դիմել, այս վերջինիս համար, որոշ ոչինչ չեն կարողացել վճռել, թե ցավերս ստամոքսումս է, թե աղիքներումս։ Եթե հնար ունենայի մի քանի օրով կգայի Թիֆլիս՝ լուրջ բժշկական քննության ենթարկվելու, սակայն այդ ալ չեմ կարող։ Ամեն գործ և աշխատանք միանգամայն թողել եմ ակամա, ոչ մի րոպե, բացի մաշող ֆիզիկական ցավերե, հոգեկան անդորրություն ևս չունիմ։ Գործերուս սաստիկ վատ և տխուր դրությունը2 հայրենիքես ստացածս աղեկտուր լուրերը3 զիս միանգամայն ապուշ ու խելագար դարձրել են։ Ուստի ազնիվ բարեկամ, ներողամիտ եղեք ինձ այս անգամ, ով գիտե, թերևս գան ինձ համար էլ լավ օրեր, այն ժամանակ ընդմիշտ Ձեր տրամադրության կնվիրվիմ։

Հարգանոք՝ Թ. Թորամանյան


136. ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

1916, 7 ապրիլի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ պ. է. Լիսիցյան,

Խորին հուզումով կարդացի Ձեր վերջին 29 մարտ թվակիր նամակը, տեսնում եմ, որ լուրջ և անկեղծորեն Ձեր մտահոգության