Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդրում եմ, որ ժամանակ տաք ինձ դեռ 10—12 օրի չափ, որպեսզի կանոնավոր կերպով կարողանամ ամփոփել։ Եթե նյութերս մոտս լինեին, այս հոդվածս կկարոտեր 10 —15 բացատրական պատկերներու. սակայն որովհետև շատ սեղմ ստիպված եմ գրել, որով պիտի բավականանամ երեք պատկեր միայն դնելով՝ մեկ հատակագիծ Անիի Բագրատունյանց պալատի, մեկ լուսանկար Զվարթնոցի կողքին Ներսես Գ-ի ապարանքի կամ կաթողիկոսարանի ընդհանուր տեսարանը, երրորդ՝ կաթողիկոսարանին դահլիճը։

Շատ պիտի խնդրեմ, որ եթե հնար է առաջին սրբագրությունը ինձ ղրկեք։ Հավանական է, որ մինչև հառաջիկա շաբթու երեքշաբթի կամ չորեքշաբթի՝ մեկ մասը ղրկեմ պատկերներով միասին։ Գուցե այս ակամա հապաղումս Ձեզ վնասում է, ուստի ներողություն եմ խնդրում։

Մնամ հարգանոք՝ Թ. Թորամանյան


140. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1917, 8 նոյեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Գ. Լևոնյան,

Այսօր իմ բարեկամ պ. Հմայակ Տեր-Հովհաննիսյանի հետ կուղարկեմ Ձեզ հոդվածս՝1 վեց պատկերներով, խնդրում եմ ստանալնուդ ինծ իմացուցեք անպատճառ։

Անցյալ տարվան միանգամայն զիս քայքայող և անգործության դատապարտող հիվանդութենես2 հետո, առաջին անդամ «Գեղարվեստ»-ի3 համար եմ գրիչ ձեռք առեր, և պետք է ըսեմ, որ դեռ միտքս ու հիշողությունս իր բնական վիճակին չէ հասած։ Ահա այդ պատճառով էր, որ մի քիչ երկար տևեց հոդվածիս վերջանալը։ Սկզբում նյութը ինձ այնքան մեծ չէր երևում, բայց երբ միանգամ սևագրեցի՝ խիստ մեծ ծավալ ստացավ, գրեթե երկու անգամ ավելին, ինչ որ Ձեզ ղրկեցի։ Նկատի ունենալով «Գեղարվեստ»-ի սահմանը և կոչումը՝ ստիպված եղա կիսով չափ պակսեցնել գլխավորաբար նկարագրական մասերը։ Այնուամենայնիվ, դարձյալ քիչ չէր։ Վկայություններ և ծանոթություններ միասին ղրկելե հրաժարվեցա նախ ժամանակի սղության պատճառով, որովհետև առանց այն էլ երկար սպասեցուցի Ձեզ։ Երկրորդ, մտածեցի որ բոլորովին չոր գիտական պիտի դառնար հոդվածս, երբ ընթերցողը շարունակ ընդհատեր ընթերցումը՝ վկայություններ կարդալու համար։ Մոտավորապես երեսուն երես կբռնեին վկայությունները։ Կարծեմ այսպես ավելի լավ կլինի։ Մեր պատմության ծանոթ եղողներու համար