Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

149. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

1919, 18 սեպտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո և ազնիվ բարեկամ պ. Ստ<եփան> Լիսիցյան,

Ստացա Ձեր ուղարկած 5000 (հինգ հազար) ռուբլին. շատ շնորհակալ եմ, բայց որովհետև ամեն անգամ ես հնար չունեմ մարդ ուղարկելու, ուստի լավ կլինի, որ մի վերջին անգամ նեղություն կրեք պ. Ամիրջանյանի հետ պայմանավորվելու, որպեսզի նոքա այստեղ ամեն ամիս կանոնավորապես վճարեն և Ձեզ ուղարկեն իմ ընկալագիրս: Այժմեն հոգսի մեջ եմ հառաջիկա ամսի համար, թե Դուք նախապես այդտեղ չի կարգադրեք Ամիրջանյանի հետ։

Ամսիս 20-ին, շաբաթ օրը, կմեկնիմ Երևան, հետո Էջմիածին, երևի գործ կունենամ այնտեղ երկու շաբաթի չափ։ Վերադարձիս Անի պիտի մտնեմ, եթե իհարկե ապահովություն տրվի իշխանության կողմանե, որուն համար պիտի դիմեմ Երևան գնալիս։ Անիում էլ կունենամ 8—10 օրվան աշխատանք։ Հետո կվերադառնամ այստեղ և միանգամայն կնվիրվիմ գործիս։

Այժմ զբաղված եմ միմիայն պատմական մասը գրելով1։ Գեղարվեստական մասը կսկսիմ վերադարձես անմիջապես հետո, ուստի կարող եմ ըստ կարի հառաջ տարված գործ ցույց տալ հունվար և փետրվար ամիսներից ոչ շուտ։ Խնդրում եմ ներողամիտ լինիք։

Ընդունեցեք ամենուս անկեղծ հարգանքները համայն ընտանյոք՝

Թ. Թորամանյան


150. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1919, 13 նոյեմբերի
Ալ<եքսանդրա>պոլ

Մեծարգո բարեկամ պ. Աշխարհբեկ,

Անշուշտ Դուք չեք մեղադրելի, որ մեկ շաբաթի տեղ մեկ ամիս եղավ և ոչ մի լուր կամ հրահանգ1 չի կարողացաք ուղարկել, ինչպես կերևի այժմ էլ ուշ է արդեն։

Եթե Դուք չի գաք այստեղ, որչափ հնար է այնչափ շուտ, ոչինչ չի կարելի անել: Այստեղի քաղ<աքային> վարչությունը այնչափ