Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղեկություն ստանալու համար։ Նմանապես գյուղում չէին գյուղխորհրդի նախագահ, օգնական կամ քարտուղար, միայն խորհրդի անդամներից մին հայտնեց ինձ, որ մեր կողմանե եղած դիմումի վրա, նախագահը խեցեղենները ուղարկել է Սամաղար շրջգործկոմի նախագահին, ուստի այլևս այդ գյուղը սպասելս անօգուտ համարելով, ուղևորվեցի դեպի Աղավնատուն, կանխավ լսած լինելով, որ այնտեղ ևս գտնվում են ուշադրության արժանի մնացորդներ։

Կես օրից հետո, ժամը 4-ին հասա Աղավնատուն գյուղը։ Առաջնորդս տարավ զիս գյուղին կից մի բլուրի վրա, որուն շրջապատ լանջերը այժմ իսկ ծառայում են գյուղական գերեզմանատան։ Այն բլուրը կիսով չափ փոքր է Ղըզնավուզի բլուրից, սակայն գագաթը շրջապատված է ավելի քան 2 մեթր հաստությամբ անշաղախ որձաքար պարիսպներով։ Հետագա քրիստոնեական ժամանակ ամենայն հավանականությամբ 10-11-րդ դարում, պարիսպի մեջ շինել են մի փոքր եկեղեցի, որն որ իր ներքին և արտաքին ձևերով շատ հիշեցնում է պր. Ն․ Մառի Անիում քանդված մինարեթի՝ արևմտյան կողմ բացած փոքր եկեղեցվույն։ Եկեղեցվո պատերը գրեթե կանգուն են ամեն կողմից 2 մեթրից քիչ ավելի կամ պակաս չափերով. կառուցված է սրբատաշ կարմիր քարերով, խորանի հյուսիսային կողմից փլած մասին մեջ հյուսված երևում է մի կարաս, որը անշուշտ արձագանքի համար դրված է. մոտը կանգնված կա մի մեծ խաչքար՝ զուտ 11-րդ դարու ոճով, ինչպես մյուս բոլոր բեկորներ և թափված քանդակամասեր նույն ժամանակաշրջանն են ապացուցանում։ Գյուղացիք այս ավերակը շինել են ուխտատեղի, խորանի մեջ կանգնել են վեմ քարի նման մի բան և վրան գրեր են մի 11-րդ դարու գրերով արձանագրության փոքր կտոր. այս կտորին վրա կպցնելով մոմեր՝ սկսեր է մրոտվել և հետզհետե անընթեռնելի դառնալ։ Այստեղ կա մի պատուհանի քանդակազարդ շրջանակի կտոր, որ բացառապես 13—14 դարու ոճին կպատկանի, ինչպես կերևի՝ կամ վերանորոգության հետևանք է և կամ մոտը կար մի ուրիշ մատուռ, վերջին ժամանակ շինված, որուն հետքը կորած է այժմ։

Բայց որ ամենից ավելի հետաքրքրականն է, այս բլուրին ներքև կա մի մեծ քարայր, ուր ապաստանել են գյուղի բնակչության մեկ մասը թրքական արշավանքների ժամանակ և 3-4 օր միանգամայն աննկատելի մնացել են։ Քարայրի դուռը շրջապարիսպի հյուսիսային կողմի պարիսպին ներքև է՝ կիսով չափ հողի մեջ։ Այժմ