մրոտությունները և զզվելի կեղտոտությունները, որոնք բնավ չեն մաքրվելու մինչև նրանց անճոռնի ծածկույթները վերցվիլը, անձրևն ու արեգակը միայն կարող են այդ ապականությունները մաքրել ժամանակի ընթացքում: Հետևաբար Զվարթնոցի անհետաձգելի կարիքներից մեկն է՝ անմիջապես պահակների համար նոր բնակարաններ պատրաստել, ավերակներից միանգամայն հեռու։ Զվարթնոցի համար նույնքան անմիջական պահանջ է պահակների հատուկ բնակարանները, ինչպես բեկորների և առարկաների համար շինվելիք նպատակահարմար թանգարանը։
Եթե հին շենքերի մնացորդների և նրանց վիճակի մասին էր Ձեր ակնարկը, այդ մասին կարծում եմ, որ Կոմիտեի3 առաջին գործը պետք է լինի ամբողջապես չափագրել, գծագրել և մանրամասն ընդհանուր հատակագիծ կազմել՝ մանրամասն տեղեկագրով և լուսանկարներով: Հույս ունեմ, որ Կոմիտեն այս պարագան ի նկատի կառնե վաղ ընդ փույթ և իր արխիվի համար առաջին թանկարժեք գործը կզետեղե իր հատուկ դարակին մեջ։ Սակայն իմ անհատական կարծիքս այն է, որ մենք առանց Կոմիտեի նախագահի4 ներկայության չենք կարող սույն կարևոր հարցերին, այսինքն՝ թանգարանի և պահակների անկախ բնակարանների շինության, ընդհանուր մանրամասն հատակագծի և տեղեկագրի պատրաստության գործերին ընթացք տալ, քանի որ կարևոր ծախքերի հետ են կապված։
Գրությանս հետ ուղարկում եմ Ձեզ հ. Խաչիկի ինձ հանձնած պաշտոնական հաստատությունով ցուցակը, որպեսզի գաղափար կազմեք և եթե ունիք խորհուրդներ տայիք այդ մասին, գրեք, բայց բարի եղեք դարձյալ հետ ուղարկել նույն ցուցակը ինձ, որովհետև կարիք պիտի ունենամ նույն ցուցակը կրկին վերստուգելու նոր ցուցակագրության ձեռնարկելու ժամանակ։
Իսկ ինչ կվերաբերի նոր ցուցակագրության ձեռնարկելուն, ինչպես անցյալ անգամ գրեցի, հարկ է, որ մի անգամ ներկա եղող անդամներս միասին խորհրդակցենք՝ նպատակահարմար ձևով կատարելու համար։
Ձեր Թ. Թորամանյան