Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստանալ` հուսալով, որ թերևս Եկեղեցական խորհուրդը4 յուր խոստումը5 կատարած ըլլար։ Խորին հարգանքներս կմատուցանեմ ազն<վուհի> տիկնոջ6։

Մնամ խոնարհ ծառա՝
Թորամանյան

Հ. Գ. Անի սթանցի կարելի է խրկել նամակ հին հասցեով։


11. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1905, 8 հոկտեմբերի
Ղոշավանք

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Ստացա Ձեր սեպ<տեմբերի> 10 և 23 թվական նամակները, բայց ոչ ժամանակին ու կանոնավոր կերպով։ 23 թվականավ նամակնիդ ստացա չորս օր առաջ, իսկ 10 թվականը դեռ երեկ երեկոյին. ինծի անծանոթ մնաց այս անկանոնության պատճառը, բայց վերջապես ուրախ եմ, որ ձեռքս հասան։ Նախորդ նամակս անշուշտ ստացաք, որուն մեջ կանխավ հայտնեցի ներկերուն ստացած ըլլալս, որուն համար կրկին կհայտնեմ իմ խորին շնորհակալություններս. խիստ ընտիր տեսակն է։

Ձեր այս վերջին երկու նամակները բոլորովին բուժեցին սրտիս վրայեն չորս տարվան տառապանքներուս բացած վերքերը, կրկին և կրկին շնորհակալ եմ իմ բոլոր հոգվովս։ Ձեզ նման արժանավոր և մեծահոգի անձանցմե՝ արժանիքես վեր գնահատվիլս, զիս այնքան կմխիթարե և կսրտապնդե, որ երբեք այլևս չպիտի հուսահատիմ ինկած փշոտ ասպարեզիս չարչարանքներեն։ Իրավ է, որ այս մի քանի տարվան մեջ շատ բան կորուսի նյութապես, սակայն երբ կբաղդատեմ այսօր իմ բարոյական մեծ օգուտներուս հետ, զորս ունեցա միմիայն Ձեր ազնիվ և բարյացակամ ոգվույն շնորհիվ, շատ քիչի փոխարեն կվայելեմ այս բախտավորությունը, ուրեմն ընդունեցեք իմ անկեղծ երախտագիտությունս։

Ստացա նաև Կայս<երական> հնագ<իտական> մասնաժողովի արտոնագիրը1, որուն անհամբեր կսպասեի. այս մասին ևս խորին շնորհակալություններս։ Ինծի կառաջարկեք, որ գործեուս2 համար գին առաջարկեմ, որպեսզի Գիտությանց ճեմարանը ծախու