Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

167. ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

1924, 25 նոյեմբերի
Էջմիածին

Հարգելի ընկ. Սենեքերիմ Տ<եր>-Հակոբյան,

Օրերս սկսելու եմ անցնող տարվա մեր կատարած հնագիտական արշավանքի ժամանակ հավաքածս նյութերը մշտկել։ Մասնավորապես հետաքրքրությանս առարկա են նախաքրիստոնեական կամ նախապատմական շրջանի հուշարձանների մնացորդները։ Թեև հյուսիսային և արևմտյան Արագածի լանջերում, սկսած 1911 թվականից շատ եմ հավաքել նախապատմական շրջանի ճարտարապետական նյութեր, սակայն, այս վերջին տարվա, հատկապես Ձեր ցուցումներով այցելած վայրերս, անհամեմատ շատ հետաքրքրական նյութեր տվին՝ ինչպես Օշականում՝ Օղուզի տները1, Ղրզըլ Թամուրի բերդաքաղաքը2, Գյավուր Ղալան3, Ղոթուրի յայլայի կոթողր4, Բերսին՝ իր դոլմեններով և նախապատմական ամրոցներով ևն ևն։

Ձեզ հայտնի է, թե որչափ թռուցիկ կերպով անցավ մեր արշավախումբը այդ վայրերից, հետևաբար ես չեմ կարողացած տեղի վրա ժողովրդի բերնից հուշարձանների մասին, պատմական կամ ավելի ճիշտ՝ ավանդական տեղեկություններ հավաքել։ Ուստի հատուկ խնդրում եմ, որ բարի լինիք այդ նշանավոր հուշարձանների մասին, երկար տարիների Ձեր հետազոտություններով և քննություններով ձեռք բերած տեղեկությունները, ավանդություններ, առասպելներ և կամ լուրջ պատմական տեղեկություններ, մի փոքրիկ հոդված կազմելով՝ տաք ինձ իմ աշխատությանս միացնելու համար Ձեր իսկ անունով։

Եթե գիտեք մատենագրական աղբյուրներ այդ հուշարձանների մասին, լինի պատմագրական կամ գիտական ճանապարհորդական՝ կատարված Ձեզանից առաջ կամ հետո՝ մինչև մեր արշավախումբին ծանոթանալը, խնդրում եմ մատնանշել։

Կանխավ հայտնելով խորին շնորհակալիքս,

Մնամ հարգանքներով՝ Թ. Թորամանյան