Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կցավիմ, որ ստիպված եմ Ձեզ մի քիչ ժամավաճառ անել վերստին կրկնելով թարգմանության համար տված նամակիս այն կտորները, որոնք՝ գուցե, այլափոխվելով թարգմանության մեջ՝ տեղի տվեր են Ձեզ կասկածանքներու։

Կարճառոտ նկարագրեր էի նախապես ինձ պատահած դժբախտությունները և ունեցած մեծամեծ կորուստներս, բացի անփոխարինելի կորուստներես, մի քանի տարի աստանդական քաղաքե-քաղաք, գյուղե-գյուղ թափառական մնալս՝ ընտանիքովս միասին, և այս պատճառով նյութապես և ֆիզիկապես բոլորովին քայքայվելով՝ միանգամայն թշվառ և անօգնական մնալս։

Խնդրեր էի Ձեզմե իբրն օգնություն կամ օժանդակություն մի գումար, վստահ լինելով, որ նյութերուս օգտագործման համար անպայման մի վարձատրություն նշանակած կլինիք[1] տպագրությունից հետո։ Ուրախ եմ, որ չէի սխալած. Ձեր նամակը ապացուցեց, որ 1919 թվին բանկում իմ անունով զետեղեր եք ինձ համար հարմար համարված գումարը5 և անշուշտ հարմար դեպքում պիտի հայտնեիք կամ ուղարկեիք, եթե դժբախտ դրությանս պատճառով ինքս կանխելու դժբախտությունը չունենայի։

Այժմ ալ դրությունս մեծ փոփոխություն չէ կրած, թեև Խորհրդային կառավարությունը մասնավոր ուշադրություն դարձուց վրաս, նշանակեց կենսաթոշակ, նաև մի համեստ պաշտոն, սակայն ռոճիկս և կենսաթոշակս հազիվ հազ կապրեցնեն զիս՝ ընտանիքովս: Իսկ գիտական աշխատանք կատարելու համար ծախսելու ոչ մի աղբյուր չունիմ։ Բայց որովհետև 1920 թվականին սկսեր էի մի աշխատություն՝ մի հայ հարուստի օժանդակությամբ6, այդ գործս մնաց թերի՝ նույն հարուստին Եվրոպա փոխադրվելուն պատճառով։ Այս աշխատությունս է Զվարթնոց եկեղեցու մանրամասն ընդարձակ ուսումնասիրությունը։ Այժմ սաստիկ շահագրգռված եմ այդ աշխատանքս ամբողջացնելու մասին։ Այդ է գլխավոր պատճառ, որ խնդրում եմ նյութերս7 վերադարձնել ինձ, որովհետև վերստին շրջել, հուշարձաններ չափագրել և նկարել, անկարելի է ինձ համար, ուստի այդ նյութերը ինձ մոտ ունենալով՝ կուզեմ Զվարթնոցի ուսումնասիրության շուրջը խտացնել հայոց ճարտարապետության նկատմամբ իմ տեսություններս ու քննադատություններս՝ մեծ մասամբ հիշողությունով միայն ղեկավարվելով. քանի որ ինը հատ մեծ ու փոքր, տպագրության համար պատրաստ

  1. Ստորագծված բառերն եմ գործածել, ոչ թե հոնորար, երևի թարգմանության մեջ փոխվեր է հոնորարի: