Հիմի, երբ ոտքի կելլեմ. թե՛ գլուխս կդառնա և թե՛ աչքերս համարյա ոչինչ չեն տեսնում, մինչև որ հիվանդ աչքս չի փակեմ։ Հիմի այս նամակս գրելիս վնասված աջ աչքս միշտ փակ եմ պահում, որպեսզի թղթի տողերը ուղիղ տեսնեմ. եթե երկուքն էլ բանամ, բոլոր գծերը խառնված, խաչաձևված՝ համարյա ոչինչ չեմ տեսնում։
Այս բոլոր ցավերուս վրա, եթե ավելացնենք նյութական տագնապս, պատկերը կատարյալ կլինի: Մեկ ու կես ամսվան իմ հիվանդությանս միջոցին դուրսը այնքան պարտք էր եղած, որ առած ռոճիկս պարտքերուս էլ չի բավականացրեց։ Երեք օր առաջ Թամանյանը Երևանից հետը բերել էր բժիշկ Մելիք Ադամյանին։ Ինձ հայտնում են, որ վտանգը թեև անցել է, բայց այսուհետև պետք է լավ սնվել։ Բայց ինչով, հույսս թոշակներիս վրա էր. եթե տային մեկ մասը պարտքերիս կհատկացնեինք, իսկ մեկ մասովն էլ մի քանի օր հիվանդներս մի քիչ լավ սնունդ կունենայինք։ Անցած օրեր գրել էիք, որ կգնաք Մռավյանի մոտ, կխոսեք մի բացառություն անել կտաք. չեմ իմանում գնացիք, թե ոչ, եթե չեք գնացել, խնդրում եմ, գնացեք իմ դրությունը հայտնեցեք, թերևս մարդասիրաբար հրամայե իմ յետնյալ2 թոշակներս տալ, որով ես այս կիսահիվանդ օրերուս ապաքինման միջոցներից չի զրկվիմ, եթե ոչ ամբողջ ընտանիքով դժբախտ օրերու ենք հասած։ Ես հիվանդ, կինս հիվանդ, երեխաներս մանր և խոսք չի հասկացող, երևակայեցեք դրությունս։ Այս նամակիս պատասխանին անհամբեր պիտի սպասեմ, հուսալով, որ քո միջոցով Մռավյանը մի դարման պիտի անե։
Գիր ու նամակ չեմ կարողանում գրել, գրածես ու գրերես կարող եք հասկանալ, սակայն ստիպված հազար դժվարություններով մի քիչ երկար գրեցի, որ ամեն ինչ պարզ լինի Ձեզ:
Թ. Թորամանյան