Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչ տկար եմ, կարծում եմ, որ կրկին ջերմում եմ, թեև խիննի առնում եմ սակայն իմ ընդհանուր թուլության չի օգնում։

Թ. Թորամանյան

185. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1926, 27 հունիսի
Էջմիածին

Մեծ ընկ. Աշխարհբեկ,

Դժբախտաբար ինքս հնարավոր չեմ գտնում անձամբ ժողովի գալու, որովհետև բավականին տկար եմ զգում ինքզինքս, ջերմը խիստ նեղացնում է ինձ, ստիպված կրկին դեղերու եմ դիմել։

Զվարթնոցի քամբախտ դագաղները1 կրկին ողողվեցին ջրով և հողով, որովհետև առուն կրկին պատռվեց և ջուրը վազեց այն կողմ։ Այս լուրը լսելուս պես դիմեցի ուր որ հարկն էր և ջուրը կտրել տվի։ Ինձ խոստացան անմիջապես հաստատուն պատով շինել։ Երեկ երեկոյան տեղեկություն ստացա, որ վերջապես թումբը նորոգել են, թեև կրկին շատ բարակ ջուր մղվում է։

Չարաչար մտատանջ վիճակի մեջ եմ, թե ինչո՞ւ չեկավ Ձեր խումբը, շատ եմ վախենում, որ Ալ<եկսանդր> Իվանիչը վերստին տկարացած լինի։ Խնդրում եմ այս մասին ինձ մի լուր ղրկեք, նաև որոշ մի տեղեկություն, թե ե՞րբ պիտի կարողանաք գալ, որ ես ազատվիմ մտահոգությունից։

Ալիքուչակից2 Վաղարշապատի գործկոմի նախագահը բերել է և ընկ․ Սենեքերիմին հանձնել մի սանձի կտոր, մի երկաթյա սուր (բնականաբար փտած ու ժանգոտված) և երկու կավի ամաններ՝ այնտեղի գերեզմանից3 դուրս եկած։ Թեև այս իրեղեններու քանակը հակասում է իմ առած տեղեկություններին, սակայն ես հնար չունիմ անձամբ գնալ և ստուգելու։ Երեկ մեր Մատթեոսը իր դատական գործով գնաց Ալիքուչակ, նրան խնդրեցի հետաքրքրվել և մանրամասն տեղեկություն բերել։

Խաչիկ վ<արդապետի> փորած մի առվից ջուր<ը> պատռվել և տարածվել է Երևան եկող խճուղու կողքը ու ճահիճ գոյացրել. այդ պատճառով Կոմիտեին4 գրել են (50) հիսուն ռուբլի տուգանք, և ինձ կանչել են վաղը ժամը 9-ին, գնամ և կտեսնեմ, թե ի՞նչ են ասելու։ Որպես թե այդ ջուրը հառաջ է եկել յոնջան ջրելուց: Վաղը կպարզեմ ամեն ինչ

Թ. Թորամանյան