Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ղրկե կամ բերե ինձ. ես մինչև 200-րդ երես ստացել եմ, նրանից հետո տպվածները խնդրում եմ ստացեք և ուղարկեք:

Մնամ խորին հարգանքներով՝

Թ. Թորամանյան

Հ. Գ. Սկսել եմ Զվարթնոցի մեծ աշխատությունս9 դասավորել, տեսնենք, թե ինչպես պիտի կրնամ գլուխ հանել. հատուկ մարդ եմ վարձել գրածներս արտագրելու համար։

Նույն

195. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1928, 7 մարտի
Վաղարշապատ

Հարգելի և ազնիվ բարեկամ ընկ. Աշխարհբեկ,

Կիրակի օրը շատ ուրախ տրամադրությամբ հեռացա Ձեզնից, սակայն իմ տրամադրությունս միանգամայն փոխվեց ու ակամա սաստիկ վրդովվեցի, երբ կնոջիցս իմացա, որ քրեական բաժնում ինձ քննության են կանչում։ Իհարկե Ձեզ հասկանալի է, որ Խաչիկի գործի1 համար է, բայց հավատացեք ազնիվ խոսքիս, այժմեն իսկ կատարելապես հիվանդ եմ և գիշերները քունս կտրած, քանի որ, մտածում եմ, թե չեմ ազատվում այդ մարդուց և դարձյալ դատարանում դեմ առ դեմ պիտի գտնվիմ այդ անխիղճ և սև զրպարտությունների ճարպիկորեն ընդունակ այդ մարդուն։ Բովանդակ կյանքումս ոստիկանատուն կամ դատարան ոչ միայն ես չեմ տեսած, այլև հայրս իսկ չի տեսած, սակայն ավելի քան երկու տարի է, որ այստեղ իբրև Կոմիտեի2 ներկայացուցիչ, ստիպված եմ միշտ պաշտոնատներ և դատարան քարշ գալ3։ Այս դրությունը չեմ կարողանում տանել, բնավորությունս երբեք չի հաշտվում այս հանգամանքների հետ, ուստի այժմեն իսկ խնդրում եմ ազատեցեք ինձ այս պաշտոններից և պարտականությունից։ Ես շուտով կգրեմ հրաժարականս և Դուք բարի եղեք ընթացք տալ և ինձ ազատել այս մղձավանջային վիճակից: Պաշտոնս ստացած օրիցս մինչև այսօր դիմացս ունեցեր եմ մի Խաչիկ, ինչպես երևում է, այսուհետև ևս պիտի ունենամ միևնույն մարդը և գործ ունենամ դատի կամ դատարանների մեջ, հավատացնում եմ Ձեզ, որ ոչ սիրտ ունիմ և ոչ ույժ տանելու։