Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմ երկու խոսքով պարզեմ հանգամանքը։ Ներկայացա քրեական բաժնի քննիչին մեղադրյալի նման, և ենթարկվեցի հարցաքննության։ Քննիչը առջևս գցեց իմ Ալ<եկսանդր> Իվանիչին գրածս նամակի պատճենը, և սկսեց զանազան հարցումներ, գլխավորաբար այն մասին, թե Խաչիկը ինչպես և ե՞րբ է արտահայտվել Խորեն եպիսկոպոսին, որ մեղադրյալները իրեն Խաչիկի երեսին ասել են, որ «Դու ես մեղավոր, դու սովորեցրիր մեզ՝ ինչ որ կատարեցինք»։ Ես կրկնեցի այն, ինչ որ լսել էի և ինչ որ գրել եմ տեղեկագրիս մեջ։ Խորեն եպիսկոպոսը չի ծածկում այդ իրողությունը, սակայն ինձ մտատանջում են երկու սխալմունք իմ կողմից եղած։ Ա. Հակառակ իմ առաջվան նամակիս, որուն մեջ գրել էի, թե կնիքը քանդված է. կնիքը քանդված չէ, այլ պատուհանից են մտել չարագործները։ Երկրորդ նամակիս մեջ ուղղել եմ այդ թյուրիմացությունը, որուն պատճենը դժբախտաբար չկա քննիչի մոտ։ Այս թյուրիմացությունը հառաջ եկած է այն պարզ պատճառով, որ ես շտապեցի տեղեկացնել իմ նախնական տեղեկություններս, առանց հետաձգելու, սակայն, երկրորդ նամակովս արդեն այդ սխալն ուղղած եմ։ Բ․ Սխալս այն է եղած, որ ես գրել եմ, թե վանքի բանալին սկզբում գտնվում էր Ռուբեն վարդապետի մոտ։ Սկզբից իմ տեղեկությունս այդպես է եղել, թե Խաչիկի հեռանալուց հետո, Ռուբեն վարդապետն էր առաջնորդում հյուրերին, երբ ուզում էին Հռիփսիմեի վանքը տեսնել։ Չեմ կարծում, որ այս պարագան կապած լինիմ Խորեն եպիսկոպոսի անվան հետ, գուցե շտապով գրելիս այնպես գրվել է, որ թյուրիմացության տեղի է տալիս, այնուամենայնիվ վրդովում է պատճառել Խորեն եպիսկոպոսին։

Վերջապես, ինչպես Ձեզ ևս հայտնի է, երկու անգամ, թե՛ Վաղարշապատի և թե՛ Երևանի գլխավոր դատարանում իմ վրա ևս զրպարտություններ բարդող, տաղանդավոր ստախոս Խաչիկի ձեռքը զենք են եղել այս թյուրիմացությունները և կասկած չունիմ, որ նա պատրաստում է ավելի վատ զրպարտություններ իմ անվան շուրջ՝ վրեժ լուծելու համար ինձնից, որ ես միշտ տեղեկագիրներ եմ գրեր4 իր ապօրինի պեղումների համար, որի հետևանքը եղել է իր բանտն ու աքսորը5։ Արդ, եթե Դուք այդտեղ ոևէ մի միջոցավ չի չեզոքացնեք այդ անիրավին ինձ դեմ պատրաստած հարվածները, գիտցեք, որ ես չեմ կարող դիմանալ, և թերևս իմ անակնկալ մահվան պատճառ դառնա․ արդեն ինքս ծերացած և հիվանդոտ, գոնե անբասիր մեռնելու երանությունը մնա ինձ․ ցավ կլինի ինձ, որ բովանդակ կյանքումս անբասիր լինելու համար իմ ծայրահեղ զգուշավորութենես