Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անթույլատրելի է։ Տամճլու գյուղի արևելյան կողմը,— թերևս Ձեզ ծանոթ է,— գերեզմանատան մեջ կար մի տաճարի հյուսիսային պատը, կանգուն մինչև տանիքը, մյուս մասերը բոլորովին փլած էին։ Այժմ կործանվել է նաև այդ կանգուն պատը ևս և գյուղացիներ<ը> օգտագործում են այդ քարերը տապանաքարեր շինելու համար: Շենքը ամենայն հավանականությամբ 5-րդ դարու գործ էր, մեծամեծ քարերով շինված հին պատերը: Թեև պատին վրա արձանագրության հետքեր չիկային, սակայն վերևի պսակը (corniche) վերին աստիճան հետաքրքրական էր և 5-րդեն մինչև 7-րդ դարու շենքերի հատուկ պսակների բազմաթիվ այլազանություններեն մեկն էր, որուն օրինակը ևս չեմ տեսած ուրիշ հին շենքերի վրա։ Ուստի, իմ կարծիքով, անհապաղ պետք է միջոցներ ձեռք առնել, որ արգելվի այդ ավերակների քարերը օգտագործելը։ Անմիջապես պետք է պաշտոնական գրություն գրել Աբարանի (Ալիքուչակ) շրջգործկոմին, նաև Տամճըլուի գյուղխորհրդի նախագահին, որպեսզի խիստ արգելք դնեն այդ ավերակները շահագործելու դեմ և մշտապես հսկեն, որպեսզի հայտնի կամ գաղտնի չարաշահություններ չի կատարվին ավերակների նկատմամբ։

Իսկ ինչ կվերաբերի բեմի սալահատակման աշխատանքին, ես կարծում եմ, որ կարելի է թույլատրել, որ այդ աշխատանքը կատարվի գյուղխորհրդի հսկողության տակ, պայմանավ, որ ոչ մի քար չի գործածվի այնտեղ ավերակների քարերից, այլ քարերը բերվի հեռու քարահանքերից և աշխատանքը սահմանափակված լինի միմիայն բեմի սալահատակումով։ Ես խնդրում եմ, որ հնար եղածին չափ շուտով ուղարկեք պաշտոնական գրություններ Աբարանի շրջգործկոմին և Տամճըլուի գյուղխորհրդին, որովհետև հապաղումը կարող է վատ հետևանք ունենալ։ Իսկ սալահատակումը թույլատրելոլ դեպքում գրեք նաև քահանային, նաև ինձ, որ միջոցներ ևս իմ կողմից ձեռք առնեմ՝ ոևէ զեղծում գյուղացիների կողմից չի կատարվելու համար։

Դուք խոստացել էիք, Սաղմոսավանքի, Ուշիի և այդ շրջանի մեջ Կոմիտեի իրավասության հանձնված հողերի պաշտոնական գրությունների պատճեններն ուղարկել ինձ, որպեսզի այստեղ Հողբաժնի միջոցով հնար ունենամ արգելելու այն զեղծումները, որոնք անարգել կատարվում են գյուղացիների կողմից։

Հարգանոք՝ Թ. Թորամանյան