երբեք չի մեղմացել և չի էլ մեղմանալու մինչև գերեզման։ Ոչ ոքին, եթե հայտնի չի լինի, գոնե Ձեզ պարզ հայտնի է, թե ինչ տառապանքների և զրկանքների ենթարկված՝ ավելի քան տասն և հինգ տարի աշխատել եմ սարերում, ձորերում, բնության ամեն տեսակ պատահարներին ենթարկված, և այդ ամենը տարել եմ հանձնել, և հավատացել իր գիտնականի պատվին։ Ուստի վստահ էի, որ Վիեննայից մեկնելուց հետո, երբ հետևյալ տարին վերադառնայի, անաղարտ և անկորուստ պիտի գտնեի։
Դժբախտ պատահարներ արգելք եղան իմ հետևյալ տարին Վիեննա գնալուս, ճանապարհները փակված էին, մեծանուն պր. Ստրչիգովսկի այլևս չսպասեց իմ գնալուս և կամ հույսը կտրեց, հակառակ մեր պայմանի, ինքը հրատարակեց երկու հատոր5:
Անցան երկար տարիներ, ըստ մեր պայմանի, որ ես իրավունք չունեի իմ գործերս ուրիշ կերպով օգտագործելու, մինչև տասը տարի, այդ պայմանաժամը վերջացավ և անցավ, հետևաբար ես մի նամակով խնդրեցի իրենից աշխատություններս վերադարձնել և եթե հնար է՝ ինձ մի նյութական օժանդակություն անել, կրկին աշխատանքներ շարունակելու համար (Ձեզ հայտնի էր, թե ես ինչ նեղության ենթարկված էի)։ Պատասխան ստացա, որ պատրաստ է աշխատություններս վերադարձնել ինձ, եթե վստահելի մի անձնավորություն ներկայացնեմ իրեն։ Միևնույն ժամանակ հայտնում էր, որ իմ աշխատություններս օգտագործելուն իբր փոխարինություն խնայողական բանկն է տվել 4,300 (չորս հազար երեք հարյուր) կռոն6, որուն գրքույկը ևս կղրկե գործերիս հետ միասին։
Ո՞վ կարող էր ինձ և իրեն համար վստահելի լինել, քան հայոց կառավարությունը. ուստի ես մի խնդրագրով դիմեցի Ժողկոմխորհին, որ սիրով խոստացան կատարել խնդիրս և հանձնարարեցին իրենց Վիեննայի ներկայացուցչին7, որպեսզի ստանա աշխատություններս և ուղարկի Հայաստան։
Ամբողջ ութ ամիս տևեց այս գործողությունը։ Նա, ինչպես երևում է, դժվարանում էր հանձնելու. վերջապես, հայոց կառավարությունը առանձին մի հեռագրով լիազորեց ընկ. Մակինցյանին, որ այն ժամանակ Միլանումն էր գտնվում, գնալ և ստանալ աշխատություններս։ Այս վերջին միջոցը հաջողվեց. ընկ. Մակինցյանը ստանալով (իհարկե ինչ որ տվեց) ղրկեց ինձ։ Դեռ այստեղ չի հասած ընկ. Մռավյան երկտողով ինձ ուրախացրեց, որ աշխատություններս ստացված են և շուտով կհասնեն ինձ։
Մի քանի օր հետո մի կնքված սնդուկով ստացա այդ աշխատանքներս՝