Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առայժմ ոչինչ չեն հասկացվում, խիստ սահմանափակ փորումների պատճառով։ Սակայն մինչև այժմ փորված մասերի մեջ գտնվեց մի քար, որ բոլորովին նման է անցյալ տարվա իմ հանածս կավե դագաղների վրա ծածկված սալաքարերին։

Կասկած չկա, որ այդտեղ ևս կան նույն տիպի գերեզմաններ ինչ որ էին խեցեղեն դագաղով կամ քարե արվեստական արկղներով կազմված գերեզմանները։ Պետք է գիտնալ, որ այս սալաքարը հանված հորը հազիվ հեռու է 150—200 մետր դեպի արևմտահարավ, անցյալ տարվա իմ փորածս գերեզմաններից։ Եթե ստուգվի, որ սալաքարը գտնված տեղն էլ գոյություն ունենան գերեզմաններ, այն ժամանակ, կասկած չի մնար, որ այս գերեզմաններն ևս մասն են անցյալ տարվան փորված գերեզմանատան, և այն հարթ տարածությունը, որ ձգվում է իմ փորած գերեզմաններից և այս նոր բացված հորից դեպի հարավ, ամբողջովին հնագույն գերեզմանատունն էր շատ հին ժամանակ այստեղ գոյություն ունեցող մեծ քաղաքին։

Այժմ պարզվում է, որ այդ մոտավորապես երկու դեսետինի չափ տարածության վրա կառուցված ոչ մի հետք չի երևում, հակառակ Զվարթնոցի ամբողջ սահմանում միմյանց հաջորդող մեծ և փոքր բլուրներին։

Չի մոռանամ ըսելու, որ 2-3 տարիներե ի վեր բազմաթիվ մարդիկ ինձ դիմել են, որ միջնորդեմ Կոմիտեին, որ թույլ տան այդ հարթ տարածության վրա այգիներ և պարիսպներ տնկելու, սակայն ես միշտ հեռացրել եմ այդ մարդկանց, կտրականապես հայտարարելով, որ ինքս անկարող եմ թույլ տալ կամ միջնորդել Կոմիտեին։ Այժմ բանից դուրս է գալիս, որ այդ հարթ տարածությունը նաև իր ծոցում պարունակում է պատմական խիստ հետաքրքրական նյութեր։

Այսուհետև կրկին կիմացնեմ հետզհետե դուրս եկող նորություններ, միայն ցավոք սրտի պիտի հայտնեմ, որ պարբերաբար այդ աշխատանքի վայրը այցելելու փոխադրական միջոցներե միանգամայն զուրկ եմ, ամեն անգամ կառքը 3 ռուբլուց պակաս չի տանում, ուստի եթե կարելի է մի փոքրիկ գումար տրամադրեցեք ինձ՝ իբր փոխադրական միջոց մինչև աշխատանքի վերջանալը։ Միևնույն ժամանակ պետք է հայտնեմ, որ արձանագրության և մեծ պարիսպը գտնելու դեպքում ես խոստացել եմ փորողներին կամ փորել տվողին մի պարգև տալ Կոմիտեի կողմից։ Ես կարծում եմ, որ Կոմիտեն ընդդեմ չի լինի այս պարգևատրման, եթե իսկապես