պատմական մի մեծ արժեք կհայտնաբերեն։ Խնդրում եմ այս մասին գրեցեք ինձ Ձեր կարծիքը։
Բացի այն պարագան, որ Ձեզ հայտնել եմ թե ինչպես Զվարթնոցի արևմտյան և հարավային սահմաններում առուներ են փորել, արտեր են վարել Խորհրդային երրորդ տնտեսության համար, այժմ էլ ձեռնարկել են Զվարթնոցի արևելյան կողմից էլ հողամասեր կտրել ծառաստաններ կամ մրգաստաններ տնկելու համար, և այդ սահմանը այնքան են առաջ եկել, որ ըստ իմ առած տեղեկության, հասնում է մինչև տաճարի ավերակի արևելյան կողմին, կտրելով նաև այդ կողմի վրա գտնված Զվարթնոցի մի քանի այգեմասերը։
Այս պարագան ըստ իս շատ կարևոր է սահմանի ամբողջական պահպանության տեսակետից, ուստի կարծում եմ, որ պետք է շտապել այս հարցերը պարզելու և չորս կողմից ինքնակամ սահմանի հողերի կտրման առջևը առնելու։ Եթե այսպես շարունակվի մի քանի տարի հետո այլևս ոչինչ պիտի չի մնա իբր հնագիտական սահման։
209. ՎԱՐՍԵՆԻԿ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
Արզնի
Տիկին ջան,
Ամսի 15-ին եկա այստեղ։ Անմիջապես սկսվեց բժշկական քննություն և դեռ շարունակվում է, վերջնական եզրակացություն դեռ ինձ հայտնի չէ։ Առաջին վաննան երեկ ընդունել եմ։ Ոչինչ, ինձ համար առայժմ հաճելի է թվում։ Բժիշկների հոգածությունը միանգամայն կատարյալ է, այդ մասին անհոգ լինիք։
Իսկ ինչ կվերաբերի իմ անձնական առօրյա կյանքիս, պիտի ասեմ, որ «խևը հարսանիք է գնացել, ասել է այստեղ մեր տնից լավ է»։ Ես ոչ մի թերություն չեմ տեսնում․ մաքրություն, առատություն ամեն բանի մեջ։ Կերակուրները ընտիր, ծառայողներ պարտաճանաչ, այնպես որ ես միմիայն առողջանալու մասին պետք է մտածեմ։ Չի մոռնամ ըսելու, որ այստեղ երեկո առավոտ բավական ցուրտ է. երանի թե հաստ բան հագած լինեի, բայց ոչինչ․ մի կերպ կաշխատիմ յոլա տանել: