Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


16. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1906, 14 փետրվարի
Ալեքսադրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Ստացա այսօր նամակնիդ. շատ ուրախ եմ, որ Ձեզի հաճույք և գոհունակություն պատճառած եմ իմ խրկած պատկերովս1. իմ ազնիվ և անկեղծ ցանկությունս է միշտ օգտակար և հաճելի ծառայություններ մատուցանել Ձեզ, որչափ որ ուժերս կներեն։ Կխնդրեմ, որ ինծի փոխանորդել բարեհաճիր շնորհակալություններս հայտնելու ճեմարանի տնօրինության, որը ներկա աջակցութենեն զատ նաև հանձն կառնե մինչև վերջը օժանդակել գործիս ի կատար ածելուն։

Բոլոր տնեցիներս ուրախացանք, որ այս տարի ևս պիտի վայելենք Ձեր ցանկալի ներկայությունը, միայն հայր սուրբը2 քիչ տխրեցավ, որ այս տարի տիկինը և երեխաները միասին չպիտի լինին, որովհետև նա վաղուց սկսեր էր պատրաստել այն ամեն հարմարությունները, որոնք անհրաժեշտ էին Ձեր ամբողջ ընտանեկան հանգստության համար, թեև մեզ ամենուս համար ալ ոչ նվազ ցանկալի էր ամբողջ ընտանյոք միասին լինել: Նույնպես շատ պիտի տխրին այն բոլոր հիվանդ գյուղացիները, որոնք անհամբեր կսպասեին գարնան բացվելուն, որպեսզի կարողանան ճար ու դարման ստանալ ազն<վուհի> տիկնոջ3 խնամող ձեռքերեն։

Երգարանի4 տպագրության համար հարկ եղած փողը վաղուց խրկված կըլլար, եթե գիտնայինք քանակությունը. այսօր ես գրեցի բարեկամիս, որ շուտով ուղարկե Ձեր հասցեին բավականաչափ գումար մը, որպեսզի շուտով լմննա այդ գործն ալ։

Հողերու5 մասին ոչինչ չէիք գրած, շատ անհրաժեշտ էր գիտնալ ժամանակին ամեն կարգադրություն ընելու համար. հայր սուրբին մասնավոր բաղձանքն է այս։ Հուսալի է, որ այս մասին ալ շուտով կտեղեկացնեք։ Հրացանի6 մասին ես չի կարծեմ, որ Թիֆլիս դժվարանան տալու, միայն երևի զբաղումներու շատության պատճառով կարելի է մոռացության տրված ըլլա․ արդյոք հա՞րկ է դիմել և պահանջել. բայց ին՞չ անունով դիմել, պետք էր Մասնաժողով<ի> կողմանե ալ մի թուղթ մենք ունենայինք։

Ես ժամանակին ստացա Մասնաժողովի արտոնագիրը7, արդյոք, այդ թուղթի ուժով, ես իրավունք կրնա՞մ ունենալ նահանգապետեն պահանջելու զենք, ևն ևն։