Մի շատ կարևոր առաջարկ․ եթե որևիցէ անտեղություն չիկա, և կամ անհարմարություն, պիտի խնդրեի, որ Ճեմարանի վճարները8 այլ կերպ կարգադրեին. Ձեզ կթողում որոշել՝ եթե հարմար է առաջարկել, եթե ոչ ակամա կհամակերպիմ, ինչպես նախապես գրած եմ։ Ես մտադիր եմ ապրիլ ամսո մեջ լինել Ղոշավանք, որպեսզի մինչև Ձեր գալը այնտեղ գործս լրանա և միասին լինինք Անիի մեջ։ Բայց նախքան այս տեղեն մեկնելս, անհրաժեշտ է, որ գոնե 150 ռուբլիի չափ խրկեմ տունս՝ հառաջիկա ամռան շրջանի համար, հետո այն տեղերեն շատ դժվար կըլլա խրկելը, ուստի, բացառիկ կերպով խրկվի ինծի նախապես 150 ռուբլի, որ խրկեմ տունս9, հետո փոխանակ ամեն ամիս 75 ռուբլիի, թող 50 ռուբլին խրկվի, այսպեսով ամբողջանա 600 ռուբլիի գումարը։ Ես կհուսամ, որ կողմնակի օգնություններ ալ ստանամ և չի նեղվիմ այս տարվան մեջ։ Առայժմ առողջ եմ, հիվանդությունս բոլորովին դադրած է. անցյալ տարի արդեն հիվանդությունս ալ շատ թանկ նստավ ինծի։
Խալաթյանի միջոցավ փող խրկվելը ամենեն հարմար միջոցն է, ուրիշ հասցե հարկ չէ, մանավանդ իմ բացակայությանս ուրիշի միջոցավ դժվար է ստանալ և կասկածելի։
Փոխադարձ սրտագին բարևներ տիկինին10 և փոքրիկներուն, ընդունեցեք խորին հարգանքներս. մնամ միշտ խոնարին ծառա՝
Իմ հասցես՝ Комендантская 33. Т. Тораманян.
17. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծահարգ պ. բրոֆեսեոր,
Գիտությանց ճեմարանի կողմանե երեկ ստացա պաշտոնական նամակ մը, որով կիմացնեին ինծի պաշտոնապես այն ամենը, ինչ-որ Դուք կանխավ իմացուցած էիք1։ Ռուսերեն չի գիտնալուս դժբախտ հարկը, զիս կստիպե խոնարհաբար խնդրել Ձեզմե, որ իմ կողմանե թարգման լինիք իմ սրտագին շնորհակալություններս։