Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարքի մեջ, Հունաստանի, Սիրիայի, Միջագետքի, Փ. Ասիայի և Ռուսաստանի գեղարվեստների համար։

Ուսումնասիրության հում նյութի կարիքը այս բաժիններից ամեն մեկի համար այնքան մեծ է, որ չի կարող ծածկվել ինստիտուտի՝ առայժմ շատ համեստ միջոցներով։ Այդ պատճառով ներկա կոչը ստորագրողը դիմում է հայ հասարակությանը, հուսալով, որ նա իր կարողության չափ նեցուկ կհանդիսանա այս կոչը ստորագրողի ձգտումին, տալ հայկական հին գեղարվեստին այն առաջնորդական դերը, որը նրան պատշաճ է միջին դարերի գեղարվեստի զարգացման մեջ թե՛ Արևելքում և թե՛ մանավանդ Արևմուտքում։ Այդ նպատակին հասնելու համար ամենից առաջ պետք է.

I. Հայկական ճարտարապետության, պլաստիկի և նկարչության պահպանված հիշատակարանները լավ լուսանկարներով, կարելվույն չափ լիակատար կերպով ի մի ժողովել և այդպիսով այդ նյութի ուսումնասիրությունը հնարավոր դարձնել հենց Վիեննայի մեջ։

II. Այս հիշատակարանների վերաբերյալ հայ գրականությունը, ամբողջական կամ քաղվածորեն թարգմանությունների միջոցով մատչելի դարձնել եվրոպական գեղարվեստագիտությանը։ Ամենից առաջ մենք մտածում ենք ճարտարապետ Թորամանյանի աշխատությունների հրատարակության մասին։

III. Միջոցներ ժողովել, որ ընդունակ երիտասարդ հայ կամ եվրոպական գիտնականները կարողանան իրենց նվիրել հայկական գեղարվեստի մասնավոր ուսումնասիրությանը, կատարել անհրաժեշտ ճանապարհորդություններ և հրատարակել՝ նկարներով հանդերձ, իրենց աշխատությունների արդյունքները։

Ներկա կոչը ստորագրողը հույս ունի, որ այն ջերմ մասնակցությունը, որ ցույց է տալիս ինստիտուտի աշխատություններին Վիեննայի մեծարգո Մխիթարյան միաբանությունը, որը մանավանդ բանասիրական-պատմական հողի վրա նեցուկ է ինստիտուտին, ավելի վստահություն կներշնչի դեպի այս վերջինը։

Վիեննայի համալսարանի գեղարվեստա-պատմական ինստիտուտը շնորհակալ կլինի ամեն մի նպաստի և աջակցության համար և պաշտոնապես կվավերացնի ստանալիքը։

պրոֆ. Յ. Ստրչիգովսկի»

2. Թորամանյանը ցանկացել է պատմական կարևոր նշանակություն ունեցող հուշարձանները հրատարակել առանձին մենագրություններով և նրանցում ըստ պատշաճի խտացնել հայ ճարտարապետության վերաբերյալ իր տեսակետներն, այդ բոլորը ընդգրկելով «Պատմական հայ ճարտարապետություն» ընդհանուր խորագրի տակ։ Նյութական միջոցների չգոյության պատճառով այդ ձևով լույս է տեսել միայն «Տեկորի տաճարը» ուսումնասիրությունը։

3. Երբ Յ. Ստրժիգովսկին ծանոթանում է Թորամանյանի «Տեկորի տաճարը» խորագրով աշխատության հետ, հանձնարարում է իր ուսանող Լևոն Լիսիցյանին թարգմանել գերմաներեն և հրատարակել իր գրախոսականի հետ։ Բացի այդ, հանձնարարում է Լևոն Լիսիցյանին Թորամանյանից խնդրել նրա մյուս հրատարակված աշխատությունները, նրանց մասին Buzantische zeitchrift-ում մանրամասն հաղորդում անելու համար (տե՛ս Լևոն Լիսիցյանի նամակը իր ծնողներին՝. 1911, 15 դեկտեմբերի, Վիեննայից։ Բնագիրր՝ Ստ. Լիսիցյանի արխիվում, նրա ժառանգների մոտ)։