Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

19. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1906, 27 ապրիլի
Ալեքսանդրապոլ

Մեծ<ահարգ> պ. բրոֆեսեոր,

Վերջին օրերս Էջմիածին գնացեր էի՝ Մատենադարանի1 ձեռագիրներուն մեջ փնտրելու համար միջին դարու զարդագիրեր և զարդանկարներ։ Բոլորովին անօգուտ չեղավ գնալս, ի միջի այլոց․ գտա նաև մի ավետարան՝ Անիի մեջ գրված և նվիրված Բագնայրի ս. Աստվածածին եկեղեցիին պատրոն Եսավրաս անուն մեկու մը կողմանե։

Վերադարձիս սեղանիս վրա գտա Ձեր քանի մը տող գրությունը, որով կիմացնեիք, թե Ձեր գալու ուրախալի լուրը և թե նախորդ գումարին ստացագիր2 խրկած չըլլալս։ Այս վերջինը ապշեցուց զիս, ես դրամը առած պահուս ընկալագիրը տված էի, իսկ պ. Խալաթյան բոլորովին անհոգությամբ այդ ստացագիրը քովը՝ մոռացության տալով, պահած է եղեր մինչև այսօր, որով ոչ միայն իմ նյութական անձուկ օրեր անցընելուս պատճառ դարձավ, այլ նաև իմ պատվասիրությունս կասկածի տակ դրավ Ճեմարանի վարչության քով։ Խիստ շատ բարկացա և չի կարողացա պահել իրենցմե բարկությունս, սակայն խ<ո>ստացան իրենք, որ անպատճառ գրեն և իմ այդ մասին անմեղությունս հասկցնեն։

Շատ շնորհակալ եմ, որ կրկին առանց ինկատի ունենալու հին ստացագիրս, դարձյալ խրկած են (150) հարյուր հիսուն ռուբլի՝ պահանջելով երկու ստացագիրը միասին։ Ստացա այս 150 ռուբլին ալ և անմիջապես տվի ստացագիր։

Ապրիլ ամսո մեջ գործիս3 գնալու ծրագիրս ի դերև ելավ հակառակ ցանկությանս՝ դրամի այս անկանոնության պատճառով, ակամա մնացի․ հիմա ալ ձեռքս կիսատ մնացած գործ մը կա, երբ որ լմննա, պիտի մեկնիմ։ Թեև կմտածեմ, որ այսչափ ուշանալես հետո սպասեմ Ձեզի և միասին գնանք, տեսնեմ ինչպես կըլլա։

Այսուհետև Խալաթյաններու միջոցավ դրամ ստանալը դժվար պիտի ըլլա իմ կարծիքով․ ամեն ամիս պետք պիտի ըլլա մարդ խրկել ևն ևն. ուստի եթե հնարավոր է այդ նեղությունը Դուք ստանձնեք, քանի որ Դուք այստեղ պիտի ըլլաք, թող հանձնվի Ձեզի և ես ժամանակին Ձեզմե ստանամ մասնավճարները։

— 41 —