Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ կարող եմ անել, որ ռուսերեն չգիտեմ, ուզեցի հայերեն գրել և թարգմանել տալ, բայց տեսա, որ շուրջս չիկան այնպես մարդիկ, որ ինծի գոհացում տային, ես շատ զգուշավոր եմ այդ մասին․ գուցե թարգմանության մեջ միտքս ու սիրտս սխալ արտահայտող բառ սպրդի թարգմանողի անհոգութենեն կամ անուշադրութենեն, որով տեղի տա անախորժ հետևանքի։ Արդ, ես դարձյալ խոնարհաբար Ձեզմե պիտի խնդրեմ, որ հաճիք նեղություն կրել իմ կողմանե հայտնելու իմ անկեղծ սրտի շնորհակալություններս, ուր որ հարկն է, ես ինձ համար մեծ շնորհք կնկատեմ այդ մեծ հաստատության այսօրինակ վարմունքը, որչափ ատեն որ մեր ազգայինք այպանելի անտարբերության մեջ են դեպի գործս։

Ձեր թանգարանի ցուցակները3 Խալաթյանք իրենք հանձն առին վաճառել, ինչ որ Ձեր հետ ունեցած հաշվի մը կարգադրության համար, արդ, ես ալ բոլորովին այդ մասին անօգուտ եղած չըլլալու համար, խնդրեցի 100 օրինակ ծախելու համար, մեկ մասը այստեղ ծախեցի, մեկ մասն ալ խրկեցի Կարս, ուր անմիջապես ծախելով արժեքը խրկեցին ինծի և ես ալ նախընթաց շաբթու մեջ քառասուն ոուբլի հարյուր գրքի փոխարեն հանձնեցի Խալաթյաններու։ Ամառը շատ պիտի ծախվեր Անիի մեջ, եթե ժամանակին հասած ըլլար․ ամեն մարդ ախորժանոք գնեցին։ Եթե մի քիչ ընդարձակ և պատմական ծանոթութեններ ավելի ունենար, ես մտադիր էի նույնիսկ արտասահման հայաշատ քաղաքներ ուղարկել, որուն շուտափույթ սպառման ոչ մի կասկած չունեի։ Պատկերները շատ մաքուր էին տպված։

Անիի հողերի մասին. որովհետև Միքայել հայր սուրբը բացակա էր, գրեցի Կարս, ինձ ծանոթ քահանայի մը, որ գնաց անձամբ տեղեկանալու անձամբ ակենթեն. ստացա պատասխանը, որուն կարևոր մասերը կդնեմ այստեղ։ Ահավասիկ ակենթին պատասխանը. «Այդ մասին գրագրություն կա, բայց դեռ դրական պատասխան չենք ստացել, խնդիր տվողներ կան. Անվո պարիսպին ներսը 100 տեսեթին, ոչ մի դեպքում քրեհով տալու տրամադրութեն չիկա Հնագիտական ճեմարանի գրագրությանց հիման վրա, իսկ դրսի հողերի համար (95 տես.) թեև Հնագիտական մասնաժողովը, պրոֆ. Մառի միջնորդության վրա գրել է, որ չի տրվի քրեհով, բայց իմ կարծիքով սխալ է, քանի որ ավերակներ չկան այդ հողերի մեջ. և հնությունները փչացնում են ավելի այցելուները, քան արածող մալերը»։ Կհուսամ, որ այսքանը Ձեզ կբավականանա իբր տեղեկություն4։