Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Ներկա ժողովածուն բովանդակում է հայկական ճարտարապետության խոշորագույն հետազոտող, ճարտարապետ Թորոս Թորամանյանի գրած և ստացած շուրջ 215 նամակները:

Նամակագրությունը, ճնշող մեծամասնությամբ, փոխանակվել է ժամանակակից մի շարք գիտնականների, մշակութային գործիչների, արվեստագետների հետ և ընդգրկում է Թորամանյանի կյանքի վերջին երեք տասնամյակը՝ 1904—1934 թվականները:

Այդ տարիներին Թորոս Թորամանյանը ապրել է Արևելյան Հայաստանում և զբաղվել բացառապես պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրության գործով:

Մինչև Արևելյան Հայաստան գալը նա եղել էր արտասահմանյան մի շարք երկրներում, ուր մեկնել էր իր ծննդավայրից՝ Փոքր Հայքի Շապին Գարահիսար քաղաքից:

1883 թվականին, տասնինը տարեկան հասակում Թորամանյանը թողնում է հայրենական տունը և ուղևորվում Կոստանդնուպոլիս՝ բարձրագույն կրթություն ստանալու և ճարտարապետ դառնալու բաղձանքով: Սակայն շուտով պարզվում է, որ գավառում ստացած գիտելիքներով չի կարող հասնել իր նպատակին, անհրաժեշտ էին նյութական միջոցներ և ժամանակ՝ գոյությունը պահպանելու և քննություններին լրջորեն նախապատրաստվելու համար:

Դեռևս տասնչորս տարեկան հասակում Թորամանյանը զրկվում է ծնողներից, մոր կողմից ոչ հարազատ ավագ եղբայրները դեմ են կանգնում կրտսեր եղբոր ուսումնատենչ ձգտումներին: Թորամանյանը ստիպված էր ինքը հոգալ իր ապրուստը:

Գործազուրկ պանդուխտներով լի Պոլսում, բարեբախտաբար, Թորամանյանին հաջողվում է աշխատանք գտնել նախ քարակոփի, ապա հյուսնի մոտ և մի անկյուն՝ ապրելու համար:

Մասամբ ինքնակրթությամբ, մասամբ մասնավոր ուսուցիչների օգնությամբ, Թորամանյանը լրացնում է իր գիտելիքների պակասը և 1888 թվականին ընդունվում Պոլսի Կայսերական գեղարվեստից վարժարանի ճարտարապետական բաժինը:

Ուսման ընթացքում Թորամանյանն աչքի է ընկնում իր ընդունակություններով և 1893 թվականին նրա ավարտական աշխատանքը արժանանում է առաջին կարգի մրցանակի[1]։

  1. «Հայրենիք» (Կ․ Պոլիս), 1983, № 510