Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանդակված սույն սյունամեջի պատուհանին տաճարին կողմեն, որովհետև քարը գոգավոր է այն համեմատությամբ, որչափ որ կոր է խաչաձև թևի բոլորակը (պատկ. Զ, ձև 4), որուն շրջանակի տրամագիծը կհասնի 3,89 <մ.>, որ հազիվ կըտեղավորվեր գտնված տեղին վրա միայն մեկ պատուհանով համաչափորեն դրված ներքև սյունազարդեն։

Միջնահարկեն սկսյալ դեպի վեր բարձրության չափերը այլևս ենթադրական են, հետևելով միշտ անեցիներու և կամ ժամանակակից արվեստի համաչափության օրենքներուն։

Պետք է այժմ ըսել, որ մի կարևոր սխալ սպրդած է վերակազմության մեջ. 2½ կամ 3 մեթր ավելի պետք էր բարձրանալ երկրորդ հարկեն վեր, այնպես, որ մեծ սյուներու գագաթը պսակող corniche-ը անարգել կարելի ըլլար շարունակել կիսաբոլորակներու մեջտեղի երեք պատուհաններու վրայեն. մինչդեռ իմ պատկերիս մեջ (պատկ. Բ, a) նույն corniche-ը որ միևնույն ժամանակ խոյակի պաշտոն ալ կկատարե, ընդհատված է պատուհաններու բարձրության պատճառով։ Թեև այս ձևը օտար չէ անեցիներուն, կան ուրիշ օրինակներ Անի և Ղոշավանք, սակայն այս շենքին մեջ լավ կըլլար, որ ամեն օրինականություն պահված ըլլար։ Տաճարին միջին բարձրությունը մինչև չորս մեծ մայր սյուները միացնող կամարին գագաթը գրեթե հավասար է Պանայի բարձրության, իսկ վերնագմբեթը համեմատական է Ղոշավանքի ս. Մինասի և Ապուզամրենց ս. Գրիգորի, միայն տրամագիծը իմ կարծիքով պետք էր քիչ ավելի լայն լիներ, որովհետև Անիի լուս<անկար> 5 բեկորին վրա գտնվող զարդակամարներուն աղեղներեն գտնված տրամագծերու հաշվով տասն և վեց կամարներով պետք էր շրջապատված ըլլար վերնագմբեթը, ըստ բոլորակի կազմված մեծ սյուներու կամարներու մեջ գոյացող բոլորակ օղակին արտաքին երեսին վրա։ Լուս<անկար> 8 բեկորի աղեղներե գտնված կիսաբոլոր կամարները դժվարավ սեղմեցան այն շրջանակին վրա. ես ներկայիս օրինականություն պահած ըլլալու համար հետևեցա ընդհանուր օրենքին, այնքան միայն մեծցուցի տրամագիծը վերնագմբեթին, որչափ որ թույլ կուտային չորս մեծ սյուներու աղեղները գմբեթին ամբողջ շրջանակը իրենց վրա միայն կրելու համար։ Այստեղ ի դեպ է ըսել, թե անեցիք շատ բացառություններ ունին այս ընդհանուր օրենքեն, ինչպես Մայր եկեղեցին, Լուսավորիչը, որոնք ըստ օրինի, եթե աղեղներու չափով գմբեթի տրամագիծ ունենային, այժմյան իրականութենեն տարբեր պետք է ըլլային, թե՛ Մայր եկեղեցին և թե՛