Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞ւր մնար Խաչիկը, ձայնը չիկա. ցավոք սրտի կարդացինք անոր բարեկամ Յուզպաշյանի տղան առևանգվելը։ Միքայել վարդապետը այդ առևանգության գործին մեջ Խաչիկի մատը կնշմարե, ենթադրելով, որ գուցե Յուզպաշյանը ընդունած չէ ալպոմի պատրաստության ծախքը1, որով Խաչիկը ստիպված է այդ կարճ ու կտրուկ միջոցին դիմել՝ միանգամայն ապահովելու համար հրատարակության և պեղումներու գործերը։ Իսկապես ալ խելացի միջոց է, և լիովին գնահատված Միքայել վարդապետին կողմանե. հաջողություն կմաղթե։

Երեկ Բաքվի կուլտուրական միության կողմանե պաշտոնական նամակ մը ստացա, որով կխնդրեն ինձմե մանրամասն տեղեկություն և նախահաշիվ Ախուրյանի կամուրջին2 վերաշինության մասին։ Դժբախտաբար ուշ մնացեր են. երեք տարիէ ի վեր շարունակ ինձմե զատ ամեն մարդու դիմեցին և իմ գոյությունս իսկ իմանալ չուզեցին։ Հիմա ձմեռվան մեջտեղ ամեն կողմ երկու արշին թանձրությամբ ձյունը ծածկած է և անհնար է ոևէ գործողություն, կպահանջեն ինձմե չափ ու հաշիվ։ Ստիպված եմ այժմ պատասխանելու, որ ես արդեն չեմ կարողացած այդ կամուրջին չափերր մտցնել հավաքածոյիս մեջ, և հիմա ալ անհնար է չափել ապրիլ ամսեն առաջ, ուստի եթե կուզեն շուտով իմանալ, թող դիմեն այն տեղերը, որոնց մասնավոր նամակներով հանձնարարած էին մեկ երկու տարի առաջ, նաև ուղարկած էին մարդիկ, ինչպես իրավաբան Յուզպաշյանը։

Վրույրը, եթե գա Ձեզ մոտ, նախ հարցուցեք, թե խրկածս պաստուրման ստացա՞վ թե ոչ, երկրորդ ի՞նչ եղավ Փարիզ խրկվելիք խոզին մազը, թող բարեհաճի մեկ բառով պատասխանել այո կամ ոչ, պիտի խրկե կամ չի պիտի խրկե, ես մեռա ուղղակի այդ անիծած մազին պատճառով. առանձին նամակով մը պիտի խնդրեմ Պետրոսյանին, որ անոր պատասխանը ինծի գրե, քանի որ Վրույրը զբաղված է, րոպե չունի բառ մը գրելու։

Ինչպե՞ս է Ձեր առողջությունը, կհուսամ որ լավ եք. հաստատ մտադրված եմ եղանակները մի քիչ տաքանալուն Ձեզի իմաց տալ, որ գնանք Մարմաշեն և ուրիշ մոտակա հետաքրքրական վայրեր, սակայն ես կցանկայի, որ այնպես մը կարգադրեինք, որ երկուքս միևնույն օր ճանապարհվեինք և միմյանց հանդիպեինք Սանահին կայարանի մեջ, և նախապես այցելեինք Հաղբատն ու Սանահինը3, քանի որ ես դեռ չեմ տեսած, հետո միասին գայինք այս կողմերն ալ տեսնելու։ Այս մասին ինծի բարեհաճեք իմացնել, թե արդյոք