Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուք հարմարություններ և կամ ցանկություն կունենա՞ք վերստին տեսնել Հաղբատ Սանահինը։ Ինծի համար խիստ շահեկան է ձեզ հետ տեսնել այդ տեղերը պատմական լուրջ և ստույգ ծանոթություններ ստանալու համար։

Ընդունեցեք խորին հարգանքներս՝

Թ. Թորամանյան

Հ. Գ․ Տակավին Պետերբուրգեն ոչինչ լուր չունիմ։


30. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1907, 22 մարտի
Ս. Պետերբուրգ

Մեծահարգ պ. ճարտարապետ,

Երեկ վերջապես կարդացի վերջին անգամ իմ զեկուցումս. այս անգամ եկեղեց<ական> խորհրդի1 դահլիճում տասնյակ մարդու, նրանց մեջ՝ անդամներին ներկայությամբ, իսկ այսօր նոր եմ ստանում Ձեր այն տեսակ նամակներից մեկը, որոնք ինձ վրա շատ ծանր տպավորություն են անում և ինձ դնում են, կարելի է ասել մեղմ, բայց անշիջանելի կրակի մեջ, որովհետև «ծանրությունս» թեթևացնելու համար միջոցներս պակասում են, հնարք չեմ տեսնում դժվար դրությունից ելնելու։ «Ծանրությունս» ծագում է նրանից, որ տեսնում եմ Ձեր բարոյապես չարչարվիլ (նյութականին մասին, որ ըստ ինքյան ենթադրվում է չեմ խոսում) և հնար չկա ցավերդ բուժելու, որովհետև ամեն գաղափարական գործիչի բաժինք է դա, աշխարհի օրենք այսպես է, դրան փոխել՝ ոչ տնտեսական, ոչ հասարակական, ոչ քաղաքական հեղափոխություն չէ կարող, քանի որ աշխարհումս նյութապաշտություն տիրում է, իսկ գաղափարական աշխատանք, գիտություն, արվեստ ևլն, ևլն, միայն համբերատարությամբ են ընդունվում, միայն այն նպատակով և չափով, որ կշտացածների մարսողությունը դյուրացնեն, նրանց անգործ և պարապ լինելուց զարգացած հեշտասիրության գոհացում տան ևլն։

Բայց մի քանի խոսք էլի պիտի ասեմ թյուրիմացություն փարատելու համար։

Գրում եք «երկար ամիսներ Ձեր պատառիկ մը թղթին իզուր սպասելիս»2 ևլն: