Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես նաև մի քանի հուշարձանների ճարտարապետական ալբոմ պատրաստելու նպատակով, նրանք պայմանավորվում են միասին գիտական արշավ կատարել դեպի Անի: Ալբոմի պատրաստումը ստանձնում է Թորոս Թորամանյանը:

Թորամանյանի Անի գնալու նպատակը, սակայն, միայն այդ ծրագրի իրագործումը չէր. նրան առանձնապես հետաքրքրում էր միջնադարյան Հայաստանի հռչակված մայրաքաղաքի ճարտարապետությունը:

Ինչպես հայտնի է, մինչև XIX դարի վերջերը, հայկական ճարտարապետության մասին սխալ տեսակետներ կային: Որոշ մասնագետներ այն նույնիսկ համարում էին ինքնատիպությունից զուրկ, օտար ոճերի ընդօրինակություններից կազմված արվեստ: Շատ դրական կարծիքներ կային միայն IX—XI դարերի հայ ճարտարապետության և ավելի հնագույն դարերի առանձին հուշարձանների ոճի մասին (Շուազի և այլն), սակայն դրանք էլ հիմնված չլինելով փաստական բավարար նյութերի վրա, չէին արժանացել պատշաճ ուշադրության և համնդհանուր ճանաչման:

Նման ոչ լրիվ ճշգրիտ և բացասական կարծիքների հետևանքով գրեթե անծանոթ էր մնացել հայկական ուրույն ոճը:

Այդ անմխիթար և անորոշ վիճակը դեռևս շարունակվում էր, երբ նրանով սկսեց հետաքրքրվել Թորոս Թորամանյանը: Հետագայում անդրադառնալով այդ հարցին նա գրում է. «Կ. Պոլսի գեղարվեստի ճեմարանի ուսանողությանս շրջանեն սկսած մեծ հետաքրքրությամբ կթղթատեի հատորներ՝ տեսնելու և ուսումնասիրելու համար հին և նոր ճարտարապետական ոճերը: Դժբախտաբար ոչ մեկ տեղ չի պատահեցա «հայկական ճարտարապետություն» խորագրի տակ բացված բաժին մը ոճերու պատմության և ուսումնասիրության շարքին մեջ, հետևաբար հայ ոճի մը գոյությունը չէի երևակայեր իսկ»[1]:

Թորամանյանի մի քանի ակնարկներից երևում է, որ չնայած տեղեկությունների սակավությանը, նա չի կարողանում հաշտվել ինքնուրույն հայ ճարտարապետության գոյության մերժման հետ: Ծանոթ լինելով հայ ժողովրդի պատմական-քաղաքակրթական դերին, նա անընդունելի է համարում արվեստի մեջ հայությանը վերագրվող հոգեկան կարծեցյալ սնանկությունը: Ելնելով այդ տեսակետից Թորամանյանը շարունակում է հետաքրքրվել այն ամենով, ինչ վերաբերում է հայկական պատմական ճարտարապետությանը:

Թորոս Թորամանյանը իր հույսերն արդարացնող որոշ փաստերի է հանդիպում ճանապարհորդական գրականության մեջ: XVIII—XIX դարերի ընթացքում Հայաստան այցելած օտարազգի գիտնականները՝ Շարդինը, Տեքսիեն, Շաուզին և ուրիշներ, իրենց ճանապարհորդական նոթերում որոշ տեղեկություններ էին հայտնում Հայաստանի ճարտարապետական հուշարձանների քանակի, վիճակի, ձևի, կառուցման ժամանակի, ինչպես նաև գեղարվեստական ոճի մասին: Մինչև XX դարի սկիզբը Հայաստանի պատմական հուշարձաններից առավել հանրածանոթ էր Անին: Նրա ճարտարապետական մնացորդները, հակառակ իրենց ավեր ու կիսավեր վիճակին, դիտողի վրա թողնում էին խոր և անջնջելի տպավորություն: Բոլոր ականատեսների տպավորությունները, առանց վերապահոթյան, հիացական էին:

  1. Թ. Թորամանյան, Զվարթնոց եկեղեցին, «Մուրճ», 1905, № 5, էջ 186-187: