Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նրա սիրտն առնին։ Նրա տխուր բայաթու ձենը, նրա աղիողորմ սուգը կամ արտասունքը՝ որ չէին տեսնում, մեծ, պստիկ ուզում էին մատաղ գնան։ Աղչկերքը որ չէին դաստա դաստա սարի դոշին ման գալիս, ծաղիկ քաղում, գլուխ ու դոշ զարդարում, սիրտն ուզում էր՝ թե տրաքի, որ իր Նազլուն էստեղ չէ՛ր։ Բայց Մուսեն, ջիվան Մուսեն[1]՝ ո՛չ Նազլու ուներ որ դարդ անի, ո՛չ հեր, որ բանտումը տանջվի,42) մեկ ջահիլ մեր ուներ, էն էլ էսօր, էգուց էր ընկել՝ որ մեկ քիր կամ ախպեր էլ նրա համար բերի։ Բոյն էկել՝ շիշակացել էր, չինարի դառել, բեղերն նոր էր բերնի վրա ծաղկել, թուխ թուխ ճալվերը շարմաղ երեսին հովին անելիս՝ հենց իմանաս՝ հրեշտակ ըլի թևով խփում։ Տասնըվեց տարին անց էր կացել՝ դեռ նա[2] ծուռն աչքով մեկի երեսի չէ՛ր մտիկ արել։ Բազի վախտ մեկ քող կամ սիպտակ լաչակ տեսնելիս ղորդ ա, խելքը գլխիցը գնում, սիրտը կրակով լցվում, աչքերը արտասունքը կոխում, ուզում էր, սար ու ձոր ընկնի, գլուխն առնի կորչի՝ ամա մեկ քանի օր որ անց էր կենում, աչքը էլ որ չէ՛ր տեսնում, սիրտն էլ հովանում էր։ Բազի վախտ էնպես գիտես՝ թե նրան վեր ըլին քաշում։ Հովը տալիս, ծառը ծաղկելիս, ջուրը քչքչալիս, հենց գիտես՝ թե մեկ աներևույթ ձեն նրան ասում ըլի՝ «Մո՛ւսա ջան՝ քնի՝ ես աչքըդ կկպցնեմ, երազումդ հետդ կխոսիմ, որ զարթնիս, գյում կըլիմ, չունքի վախտը չի՞ հասել՝ որ դու քո նասիբը գտնիս․[3] ինչ որ ճակատիդ գրած ա՝ էն պետք է ըլի»։ Քնից որ վեր էր կենում, հենց իմանում էր՝ թե հրեշտակները մոտիցը նոր թռան։ Նա չէ՛ր իմանում, թե սերն ա էս, որ քիչ քիչ նրա սրտումը տեղ էր պատրաստում։ Մեկ օր էլ էսպես մեկ ծառի տակի քնած տեղը՝ երազում մեկ թաս գինի բերին, դեմ արին նրան ու մեկ հրեշտակի պատկեր նրան՝ թևերն երեսին փռած՝ կամաց ձեն տվեց․ «Մուսա ջան, յա խմիր էս թասը, յա՛ ինձ սպանի՛ր, իմ կյանքս քո ձեռին[4] ա։ Հերնըմեր չունիմ, ընկել եմ մեկ անօրեն տաճկի ճանկ, Ղարսա սարումն ա մեր օբեն. թե սիրտ ունիս, թե Աստվածդ սիրում ես, արի՛, ինձ ազատի, չե՞ս ազատիլ, քո օրումդ դու կյանք չե՛ս տեսնիլ, Մո՛ւսա ջան՝ գնում եմ, դու գիտես, արի՛, թե չէ էս ա քսան օր ա ինձ տանջում են, որ թուրքանամ, չեմ թուրքանում, քեզ եմ սպասում․ ինձ երազումս ասացին, թե դու ես իմ ազատողը»։

Աչքը որ բաց արեց, հենց իմացավ՝ թե ծառ, խոտ, ծաղիկ՝ անմահական հոտով լցված ըլին, ու արեգակի շողքը երեսը սղալելով՝ ուսուլով սարի քամակը անցավ։ Ուզում էր խոսա՝ ձենը չէ՛ր դուս գալիս, ուզում էր վեր կենա՝ ոտն ու ձեռը չէին զորում։ Թութակի ու շվու ձենն էլ որ անկաջը չընկավ, էլ եդ աչքը խփեց։ Ա՜խ՝ ինչ կըլեր, ջահելությունը նրան չէ՛ր էսքան հաղթել, սերը չէ՛ր էսքան նրան թմբրացրել։ Մութը գետինն առավ, մատդ որ կոխեիր մարդի աչք, չէր տեսնիլ։ Ամպերը սարերիցը գըլխները բարձրացրին, ոտները կտրեցին, չանգ ու դուման սար ու ձոր բռնեց։ Հենց գիտես՝ հազար վիշապ բերանները բաց արած՝ գալիս են՝ որ սար ու ձոր կուլ տան։ Կայծակը էստեղ, էնտեղ, որ չախմախին չտվեց, սարըցիք իմացան՝ թե ի՞նչ խաբար ա, տավար, ոչխար աղալի մեջն արին,

  1. Մուզեն = Մուսեն
  2. [թեք]
  3. քթնիս=գտնիս
  4. ձեռքն = ձեռին