Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայում, փառք Աստուծո՝ սաղ ա, կողակցիս եմ աղաչում, սիրտը չի կարում եդ բերիլ։ Ի՞նչ էր պատահել, չէի իմանում։ «Անաստված՝ ինձ սպանեցիր հո՝ էս ի՞նչ բան բերիր գլխիս». վերջապես լսեցի։ Ծառեքն էլ մեկ կողմից են ինձ ղնամիշ անում։ Վերջապես իմանամ՝ որ սաղ գիշերը անդադար դելն եմ տվել, գռռացել, ա՜խ քաշել, խոսացել ու ինչ որ հարցրել են տանըցիք՝ միշտ էլ Գերմաներեն ո՛չ, Հայերեն պատասխան տվել, ու հազար տեսակ վայրիվերո բան ասել, էլ եդ իմ կռիվն սկսել։ Մինչև սհաթի իննը էս հալումն ընկած՝ ես իմ քեֆն եմ արել, նրանք իրանց սուքն ու ինձանից ձեռք վերցրել։ Էն առավոտը, սաղ շաբաթ ու ամիս, էս օր էլ մուրազս հենց էն ա էլել՝ որ գնամ ընկնիմ մեկ իշխանի ոտք, ասեմ. ինձ մեկ կտոր հաց տա ու ես՝ գիշեր ցերեկ ընկնիմ գեղե գեղ ու մեր ազգի արած բաները հավաքեմ, գրեմ։

Թող ինձ այսուհետև տգետ կանչեն. լեզուս բաց ա էլել՝ իմ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ։ Թող՝ տրամաբանություն գիտեցողը իրան համքյարի համար գրի, ես, քո կորած, շվարած որդին՝ քեզ համար։

Ո՛վ թուր ունի, առաջ ի՛մ գլխիս խփի, ի՛մ սիրտս խրի, ապա թե ոչ՝ քանի բերնումս լեզու կա, փորումս սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ․ «էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»։ Թաք ըլի դո՛ւ, դո՛ւ իմ պատվական ազգ՝ քո որդու արածը, քո որդու խակ լեզուն սիրես, ընդունիս, ինչպես հերը իր մանուկի կմկմալը, որ աշխարքի հետ չի փոխիլ։ Երբ որ կմեծանամ, խրթին լեզվով էլ կխոսանք։ Աղասին քո փոքր որդին ա, սրանից դհա մեծ, դհա անվանիքը շատ ունիս, ինձ մի սիրտ տո՛ւր՝ արևիդ մատաղ գնամ. տե՛ս՝ թե ի՞նչ ձևով եմ գնում, նրանց բերում, առաջիդ կանգնացնում, որ դու էլ զարմանաս՝ թե էնպես որդիք ունեցողը աշխարքումն էլ ի՞նչ դարդ կանի, երեսս ոտիդ տակը։ Տուր՝ էդ սուրբ ձեռդ էլ մի համբուրեմ, որ ինձ ներես, ու գնանք մեր սիրուն Աղասու մոտ։