Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8. «Ավետաբանը կարթալիս» բառերով սկսվող, «ոտքը բարին կառնի» բառերով վերջացող հատվածը (մոտ 30 տող) 1858 թ. հրատարակության միջոցին ցենզուրան կրճատել է։

9. «Դժար՝ ատամ, գլուխ կոտրող բառ էլ որ չէր ռաստ գալիս» արտահայտությունը նախորդ բոլոր հրատարակություններում տպագրված է եղել այսպես․ «դժարատամ, գլուխ կոտրող բառ էլ որ չէր ռաստ գալիս»։ Ի՞նչ է տեղի ունեցել, «դժար» և «ատամ» բառերի միացումից կազմվել է «դժարատամ» անիմաստ բառը։ Ձեռագրում այնպես է, ինչպես սույն հրատարակության մեջ։ Մնում է անհասկանալի, թե Աբովյանի նախորդ հրատարակիչները ինչո՛ւ են աղավաղել հեղինակի միանգամայն պարզ և հասկանալի տեքստը։

10. «Սխ կարթալու տեղ՝ սոխ կամ սխտոր ասում, ղս ասելու տեղ՝ ղսրախ» արտահայտությունը, նախորդ բոլոր հրատարակություններում վերծանված է այսպես․ «Սբ-ը սուրբ ես կարթալու տեղ՝ սոխ կամ սխտոր ասում, սղ-ը սաղմոս ասելու տեղ՝ ղսրախ»։

Ի՞նչ է տեղի ունեցել, բացի այն, որ սխ-ն փոխարինել են սբ-ով և ղս-ն սղ-ով, հրատարակիչները հեղինակի տեքստում ավելացրել են «սուրբ ես» և «սաղմոս» բառերը, բացատրելու համար «սբ»-ի և «սղ»-ի իմաստը։ Ինչո՞վ բացատրել այս փաստը։ Հավանաբար նրանով, որ Աբովյանի հրատարակիչները սխ-ն և ղս-ն անիմաստ համարելով դիտել են իբրև գրչի սայթաքում, ուստի և հարկ են համարել ուղղելու։

Որ սխ-ն և ղս-ն սայթաքում չեն, երևում է նրանից, որ նույն բանը պատահում ենք հեղինակի երկու տարբեր ինքնագրերում։

Երկրորդ՝ ուշադիր ընթերցողը կնկատի, որ «սխ»-ը և «սոխ և սխտոր», ինչպես նաև «ղս»-ը և «ղսրախ» բառերի մեջ թե տառային և թե հնչյունական պատկերի նմանություն կա, մի բան, որ չկա և «սբ» և «սոխ և սխտոր», «սղ»-ը և «ղսրախ» բառերի մեջ։ Հենց տառային և հնչյունական նմանություններից էլ առաջանում է այն շփոթը, որ Աբովյանը դիտում է գյուղական կիսագրագետ հոգևորականների մոտ՝ ժամասացության միջոցին։ Եվ վերջապես սխ-ը և ղս-ը և ամենևին էլ անիմաստ չեն. դրանք կարող են վերծանվել իբրև «սուրբ խաչ» և »Ղուկաս», արտահայտություններ, որ ժամագրքերում պատահում են հաճախ։

Եզրակացությունը պարզ է․ նախնական հրատարակությունների մեջ հեղինակի տեքստի վերոհիշյալ խմբագրումը միանգամայն անիմաստ է և հանդիսանում է հեղինակի տեքստի կոպիտ աղավաղում։

11. Այս նախադասությանը հաջորդող «շատ անգամ» բառերով սկսվող, «որ կերածը հալալ ըլի» բառերով վերջացող հատվածը (ավելի քան երկու էջ) 1858 թ. հրատարակության միջոցին ցենզուրան կրճատել է։

12. «Ամեն բանը իր ձեռովն էր հազիր արել» արտահայտությունը, նախորդ բոլոր հրատարակությունների միջոցին, տպագրված է եղել այսպես․ «Ամա բանը իր ձեռով էր հազիր արել», որ միանգամայն անիմաստ է թվում. «Վերք Հայաստանի»-ի ինքնագրի Ա. վարիանտի մեջ այդ նախադասությունը այսպես է. «Ամեն բանը հազիր էր»։ Վերամշակման ժամանակ հեղինակը այդ նախադասությունը փոխել է այն նպատակով, որպեսզի որոշակիություն մտցնի, թե ում ձեռքով էր այդ ամենը «հազիր» եղել, շեշտելու համար Աղասու մոր տան մեջ հարսների և աղջիկների նկատմամբ ունեցած իշխող դերը։ Սակայն, ինչպես կարելի է ենթադրել, արտագրության ժամանակ տեղի ունեցած գրչի սայթաքման հետևանքով «ամեն բանը» արտահայտությունը փոխվել է «ամա բանը» արտահայտմամբ, որից առաջ է եկել վերոհիշյալ աղավաղումը։

13. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - բաղկացած է երկու մասից՝ Հին կտակարան և Նոր կտակարան։ Առաջինը բովանդակում է աշխարհի ստեղծագործության առասպելը՝ հին, հրեական կյանքին վերաբերող ծիսական և իրավաբանական տրակտատներ, ժամանակագրություններ, ավանդություններ, խրատներ, երգեր, հոգևոր և էրոտիկ քնարերգություն, առակներ և այլն։ Երկրորդը՝ Նոր կտակարանը՝ քրիստոնեական կրոնին վերաբերող լեգենդներ և այլն։