Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«բացավ»-ի։ Որ այդ ենթադրությունը անհիմն չէ, երևում է նաև «բացել» բայի Աբովյանի համար ոչ հարազատ՝ «բացավ» ձևով գործածելու փաստից։ Աբովյանը այդ բառը կգործածեր՝ «բացեց», «բաց արեց», «բաց արավ» ձևով, որ գործածական է արարատյան բարբառում։ Այնուամենայնիվ, քանի որ «բացավ» բառը բացարձակորեն անիմաստ չէ այստեղ, մենք չփոխարինեցինք «իմացավ» բառով։

44. «Ձեր որդիքը տեսնեք, նրանց ցավը քաշեք» տողը բոլոր նախորդ հրատարակությունների մեջ տպված է՝ «Ձեր մարդիքը տեսնեք, նրանց ցավը քաշեք»։ Վերջին ձևով է նաև «Վերք»-ի մաքրագիր ինքնագրի մեջ։ Մենք «մարդիք» բառը փոխարինեցինք «որդիք» բառով, հիմնվելով «Վերք»–ի սևագրի վրա։ Թվում է, որ «որդիք» բառը ավելի ճիշտ է արտահայտում հեղինակի միտքը։ Խոսքը վերաբերում է նախնիներին հաջորդող սերունդներին, որոնց համար գործածած «մեր մարդիքը» արտահայտությունը պարզապես պիտի համարել գրչի սայթաքում։

45. «Սար ու ձոր, մանավանդ Անի հարամի ու յաղի էր դառել» արտահայտությունը «Վերք»-ի մաքրագիր վարիանտում այսպես է. «Սար ու ձոր, մանավանդ Անի... ու յաղի էր դառել»։ Վեպի երկու ինքնագրերի համեմատությունից պարզվում է, որ Ա. ինքնագրի արտագրության ժամանակ հեղինակի աչքից վրիպել է «հարամի» բառը, որից և առաջացել է վերոհիշյալ աղավաղումը։ Առաջին հրատարակության ժամանակ, հավանաբար Հ. Փոնդոյանցի կողմից, այդ նախադասությունը խմբագրվել է այսպես. «Սար ու ձոր, մանավանդ Անի՝ գողի ու յաղի բնակարան էր դառել»։ Նախադասության մեջ մուծելով «գողի» և «բնակարան» բառերը նոր իմաստ են տվել նրան։ Աբովյանի կողմից «Սար ու ձոր, մանավանդ Անի» որակվում են որպես «հարամի ու յաղի» (ավազակ ու թշնամի), իսկ ըստ վերոհիշյալ խմբագրության «գողի ու յաղի բնակարան»։

46. «Խարաբա պարիսպն ու բրջերն» արտահայտությունը բոլոր հրատարակությունների մեջ տպված է եղել՝ «խարաբա պարիսպն ու բաղերն» Ակնհայտ է, որ «բաղերն» բառի տեղ «բրջերն» պետք է լինի, քանի որ խոսքը վերաբերում է Անիի ավերակներին։ «Վերք Հայաստանի» վեպի Ա. ինքնագրի մեջ հենց այդպես էլ գրված է՝ «խարաբա պարիսպն ու բրջերը»։ Անկասկած է, որ արտագրության ժամանակ «բրջեր» բառը անզգուշաբար փոխարինվել է «բաղեր» բառով, մի սխալ, որը անցել է «Վերք»–ի բոլոր՝ նախորդ հրատարակություններին։

47. «Թող նրանց ուրախությունը նա զգա, իմանա, ով սիրտ ու երևակայություն ռւնի» արտահայտության փոխարեն նախորդ բոլոր հրատարակությունների մեջ եղել է՝ «թող նրանց իմաստությունը նա զգա, իմանա, ով սիրտ ու երևակայություն ունի»։ Այստեղ «իմաստություն» բառը թվում է ոչ տեղին։ Խոսքը վերաբերում է թշնամու դեմ հաղթանակ տարած Աղասու և իր զինակիցների «ուրախությանը»։ «Վերք»-ի Ա. ինքնագրում գործ է ածված «ուրախություն» բառը, որը, ինչպես նախորդ դեպքերում՝, արտագրության ժամանակ փոխարինվել է «իմաստություն» բառով, տեղիք տալով «Վերք»–ի հրատարակությունների մեջ արտահայտություն գտած վերոհիշյալ սխալին։

48. «Մնացած ձի, հարստություն, ճոթ արին» նախադասության վերջին «արին» բառը վեպի ինքնագրի մաքրագիր վարիանտում բացակայում է։ Այդ հավելումը անհրաժեշտաբար արված է եղել նախորդ հրատարակությունների ժամանակ։ Առաջին հրատարակության խմբագիրը՝ Հ. Փոնդոյանը ինքնագրում «ճոթ» բառի վրա մատիտով ավելացրել է «արին» և նույն բառին (ճոթ) հաջորդող վերջակետը փոխարինել միջակետով։ Այնուհետև բոլոր մյուս հրատարակությունները նույնը ընդօրինակել են։ Մենք անիմաստ համարելով վերջակետը միջակետով փոխարինելը, վերականգնեցինք հեղինակի կետադրությունը։ Ի՞նչ վերաբերում է «արին» բառին, հապա այն պարզապես վրիպել է Աբովյանի գրչից, արտագրության միջոցին։ Սևագրում այդ բառը կա։

49. «Էս գլուխը որ ինձ էլ պետք չի, էս դոշը՝ որ հազար անգամ կրակումն էրվել խորովվել ա, էս ձեռը, որ հազար անգամ ուզել ա, իր թուրը իր սիրտը խրի» հատվածը նախորդ բոլոր հրատարակությունների ժամանակ տպագրվել է այսպես․ «էս գլուխը՝ որ ինձ էլ պետք չի, էս դոշը՝ որ հազար անգամ ուզել ա, իր թուրը իր սիրտը խրի»։ Նախորդ հրատարակիչները