Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բռնում, աչքերս սևանում, սիրտս տրորվում ու ինչ տեղ որ ծնել եմ, է՛ն հողն էլ ա աչքիս փուշ դառել, սրտիս դանակ։ Ղուշն իր բունը սիրում ա, ես իմ հողը ատում, փնովում, չունքի լսած ու տեսած բաներս կրակ են դառել, սիրտս էրում, փոթոթում, չունքի Երևանու բերդի հողի ու ջրի շատ փայը՝ հենց բռնիր՝ Հայի արընով է շաղախած, ի՞նչպես անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ, ո՞ր սիրտս հովանա, յա մեռնիմ, պրծնիմ ու էս դարդերը ինձ սաղ սաղ չուտեն, չսպանեն։

Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ուր որ քանի Հայոց թագավորությունը իր աշխարքիցը ձեռք վերցրեց ու քրիստոնեությունը դառավ Հայոց ազգի հույսն ու ապավենը, ու երկնից արքայությունը ու Պարսիկ, Օսմանցիք՝ Հռովմայեցոց գլուխը Եվրոպա ուտելով, Հունաց ազգը էնտեղ տանջելով, Ասորոց, Բաբիլոնացոցը՝ Ասիա վերջացնելով՝ թուրըները սրած՝ կատաղած ասլան զափլանի պես՝ մեկն էս դհից, մյուսն էն՝ մեր ազգի արնին էին ծարավել, որ իրանց անկուշտ փորին մատաղ անեն, ու մեկը ծամում էր, մյուսին տալիս, մյուսը արինը խմում, մեկի չանգը քցում, մնացել էր հարիր հիսուն տարուց առաջ Օսմանցոց ձեռին, որ Նադր շահը դուս էկավ ու Հնդստան, Աբաղստան ոտի տակը տալուց եդև՝ երեսը եդ դարձրեց Երևանու վրա։ Սար ու ձոր նրան գլուխ էին վեր բերում, մեկ բուռը հողը ու լենաշալվար Օսմանցին ո՞վ էր, որ առաջին դիմանա։ Հենց Մուրադ թափի գլխին, Քանաքռուց մի քիչ բարձր նրա չադրի ծերն էրևվաց, Ղաջար Հասան-Ալի-խանը՝ Օսմանցվին ընչանք Ղարս մին քշեց ու զորապետը էնքան թուրն ածել, Օսմանցվի գլուխ էր թռցրել, յա ուս վեր բերել, որ ձեռը փետացել էր, թուրը գուլացել, ու ինչ ժամանակ եդ դառավ ու Նադր շահի չադրի առաջին, որ մզրախը չշպրտեց, մզրախը դողալով, գետնումը ցցվեց, բայց քաջի արած տղամարդությունը շահի աչքումը տնկվեց ու պատվի, փառքի փոխանակ՝ ողորմելի խանի աչքերը իսկույն հանել տվեց, որ արեգակի առաջին լուսինը չերևի ու իրան անունը չկոտրվի։ Էս կույր ողորմելին էր՝ որ Օսմանցվից հետո Երևանու խանությունը ստացավ ու էլի Պարսից անիծած ոտը մեր աշխարը մտավ։ Սրանից հետո իր ախպեր Հուսեյին-Ալի-խանն սկսեց նստիլ, որ է՛նքան աջիզ, խեղճ էր, մինչև վրաց Հերակլ թագավորն էկավ վրեն, ջարդեց ու 3000 թուման էլ հարկ դրեց ուսին։ Սրա որդի Մահմադ-խաննէլ որ նստեց, Աղա Մահմադ-խանն, որ ավելի անունն Ախտա-շահ էին կանչում, դուս էկավ, Նադրի պես սար ու ձոր ջարդելով, ինքը դեպի Ղարաբաղ ու Թիֆլիզ երըմիշ էլավ, իր ախպեր Ալի-Ղուլի-խանին Երևանու վրա ղրկեց։ Բայց մինչև Թիֆլիզու գերին Երևան չհասավ, Մահմադ-խանը՝ երկրի խալխը գլխին բերդումը թոփ արած, իր ջիլավը թշնամու ձեռը չի տվեց, որ Երևանու բերդի չորս կողմը կտրել, նստել էր, բայց կռիվ չէր տալիս, չունքի խանն ասում էր, երբ Թիֆլիզ կառնիք, ես ձերն եմ ու ձերը։ Թիֆլիզ առան էրեցին, եսրի տուտը Երևան հասավ թե չէ, խանի մեջքը կոտրվեցավ։ Ալի-Ղուլի-խանը մտավ բերդը, Մահմադ խանին ղոնաղ արեց ու հացի վրա հենց՝ ոտն ու ձեռը կապիլ տվեց ու Պարսկաստան ուղարկեց։

Պատմում են՝ թե բոլոր խաների սրանից լավը չէ՛ր նստել։ Մեկ քանի օր որ անց ա կենում, մեկ գիշեր հանկարծ մելիք Աբրահամին