Էջ:Խենթը.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինձ հետ միասին դուրս եկավ գյուղից, խնդրեց, որ ես նրան մենակ թողնեմ: Ես բաժանվեցա։ Նա բռնեց առաջին հանդիպած ճանապարհը և սկսեց դիմել դեպի մի ուրիշ գյուղ, որ հեռվից երևում էր։ Ես երկար կանգնած, նրա ետևից նայում էի, նա այնպես շտապում էր, կարծես, այնտեղ սպասում էին նրան: Ես կարող եմ երդվել, որ նա ինքն էլ չգիտեր, թե ուր է գնում. անդադար մոլորվում էր, անդադար ճանապարհից դուրս էր գալիս:

Վերջին խոսքերը Հայրապետը արտասանեց փոքր ինչ ծաղրական կերպով։

— Նա, սիրելի Հայրապետ,— ասաց Վարդանը,— ձեր ձորի ոլոր-մոլոր ճանապարհին կարող է ծանոթ չլինել, բայց կյանքի ճանապարհի մեջ, հավատացնում եմ քեզ, նա մի հմուտ ուղեցույց է:

— Ես էլ մի այսպիսի բան նկատում եմ նրա մեջ,— պատասխանեց Հայրապետը զղջալով իր անտեղի ծաղրածության վրա,– երևում է, որ շատ է կարդացել։

— Բացի կարդալը նա խիստ բարի և ազնիվ մարդ է։

Հայրապետին այժմ շատ չէր հետաքրքրում անծանոթ երիտասարդը. նա առիթ էր որոնում խոսելու իր քրոջ մասին։ Սառայի պատմությունից հետո, թե Վարդանը և Լալան սիրում են միմյանց, նա միշտ սպասում էր, թե Վարդանը վերջապես կհայտնի իր սերը, որովհետև Հայրապետից ավելի մտերիմ մարդ չուներ նա այս տան մեջ։ Բայց Վարդանը այժմ, կարծես, մոռացավ Լալային, և լսելով Հայրապետի խոսքերը պարոն Ղուդուկջյանի մասին, նա սաստիկ մտատանջության մեջ ընկավ։ Նա վեր կացավ, կամենում էր դուրս գալ օդայից։ — Ո՞ւր ես գնում,— հարցրեց Հայրապետը։ — Գնում եմ պտռելու պարոն Դուդուկջյանին,— ասաց նա,— դու իզուր բաց թողեցիր նրան, Հայրապետ, նա շատ անփորձ տղա է։

Երկուսը միասին դուրս եկան օդայից։ — Անցնենք ախոռատունը,— ասաց Վարդանը,– քանի օր է չեմ տեսել իմ ձիերին։

Նրանք սկսեցին դիմել դեպի ախոռատունը։ Բակում Վարդանը պատահեց Լալային, որ նստած պարտիզի միջով հոսող վտակի ափի մոտ, լվացվում էր։ Երևի նա էլ նոր էր զարթնել քնից։ — Բարի լույս, Ստեփանիկ,— գոչեց հեռվից Վարդանը։

180