Jump to content

Էջ:Խենթը.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարերով տանջվում էին թուրքերի բարբարոսություններից։ Բայց նրանք հայերի նման համբերել չկարողացան, ապստամբվեցան, և ահա մի տարուց ավելի է, որ կռվում են թուրքերի հետ նրանց լծից ազատվելու համար։ Հաղթեցին, հաղթվեցան, սարսափելի զոհաբերություններ արեցին, վերջը ռուսները մեջ մտան, և քրիստոնեից ազատության անունով, նրանց պաշտպան հանդիսացան։ Կ. Պոլսում եվրոպական պետությունների ներկայացուցիչները ժողով կազմեցին, որ այդ ճնշված քրիստոնյա ազգերին մի քանի արտոնություններ, մի քանի իրավունքներ տային, բայց համաձայնություն չկայացավ և խո րհ ուրդր մնաց առանց հետևանքի։ Այժմ ռուսները կամենում են սրի ուժով ընդունել տալ թուրքերին այն, ինչ որ նրանք չհամաձայնվեցան ընդունել իրանց հպատակ քրիստոնյաների ազատության մասին։
Այս անցքերի պատմությունը, թեև այն ժամանակ աշխարհի ամենախուլ անկյուններում անգամ տարածվել էր, բայց հայ գյուղացիների համար բոլորովին նորություն էր, նրանք ոչինչ չէին լսել, և այդ պատճառով զարմացած լսում էին պարոն Դուդուկջյանի խոսքերը։ Հայ գյուղացին իր հորիզոնից դուրս, իր գավառի մյուս կողմում չգիտե, թե ինչ է կատարվում։ Նրանք այսքան միայն լսել էին, թե թուրքերը ինչ-որ պատերազմ ունեն, բայց թե ու՞մ հետ է և ի՞նչ բանի համար է պատերազմը,— այդ մասին տեղեկություն չունեին։ Եվ թուրքերի պատերազմ ունենալը հայտնի էր նրանց այն առիթով միայն, որ հարկերը խստությամբ պահանջում էին և ավելի շատ էին առնում, քան թե առաջ, անդադար կրկնելով, թե «հիմա տերությունը պատերազմ մեջ է, պետք է օգնեք»։
— Ռուսների այժմյան պատերազմը Թուրքիայի հպատակ քրիստոնյաների ազատության համար է,— շարունակեց պարոն Դուդուկջյանր։— Բայց պետք է գիտենաք, որ Թուրքիայի ավելի տանջված, ավելի հարստահարված քրիստոնյա հպատակը հայն է: Այդ դուք ինքներդ լավ եք իմանում, որովհետև ձեր անձի վրա փորձել եք թուրքի ամեն տեսակ բարբարոսությունները: Ուրեմն ժամանակ է, որ հայերն էլ մտածեն իրենց հանգստության համար։
— Մենք ի՞նչ պիտի մտածենք,– պատասխանեց ծերունի Խաչոն,— դուք ինքներդ ասում եք, թե ռուսները պատերազմելու են քրիստոնյաների ազատության համար, աստված հաջողություն տա, նրանք կգան և մեզ էլ կազատեն։
— Այդ իրավ է, միայն մի բան կա,— մեջ մտավ Վարդանը,–

185