Էջ:Խենթը.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դիցուք թե գտնվեցավ, բայց ի՞նչպես կարող է անց կենալ, թշնամին մեր բոլոր կողմերը բռնել է։
— Կփորձենք։
Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր-Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկան խորհրդարանից։
Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդապահը բարձր ձայնով խոսեց․
— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե օգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թո՛ղ մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։
Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։
— Կրկնում եմ,— շարունակեց բերդապահը ավելի զգալի ձայնով,— որ այս նամակի հետ կապված է մեր ամեն փրկությունը․ ո՞վ է ցանկանում վայելել այդ փառքը և մեր բոլորի ազատիչը լինել։
Դարձյալ ոչ մի ձայն լսելի չեղավ։
— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով,— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։
— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։
Այս երիտասարդը Վարդանն էր[1]։

80

  1. Երիտասարդի անունը Սամփսոն էր, բայց ես իմ վեպի հերոսից ստեղծեցի մի առանձին տիպ․ դրանով թեև փոքր ինչ շեղվեցա պատմական ճշտությունից, բայց թող ներվի ինձ, եթե ես իսկությունը մասնավորապես զոհել եմ բանաստեղծական ազատությանը։