Jump to content

Էջ:Խենթը.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպանելու և վերջապես ոչնչացնելու համար: Ես կհիշեմ մի քանի փաստեր միայն։ Հայերին անձնապաշտպանության բոլոր հնարներից զրկելու համար, խլցին նրանց ձեռքից զենքը, կապեցին, կաշկանդեցին նրանց ձեռքերը, իսկ հայերի թշնամիների ձեռքում զենք տվեցին: Հետո տեսան, որ այդ բավական չէ հայերին տկարացնելու համար, տեսան, որ այդ տարրը, որպես մի աշխատասեր և տնտեսագետ ժողովուրդ, կարողանում է մրցել իր հակառակորդների հետ, կարողանում է իր գոյությունը պահպանել իր նյութական զորությունով՝ իր հարստությունով: Ուրեմն պետք է ամեն հնարք գործ դնել, որ նա աղքատանա, ուրեմն պետք է տնտեսապես մահացնել նրան։ Հարկերը ծանրացրին, շրջաբերության մեջ եզած արժեթղթերը ոչնչացրին (առանց նախապես հայտարարելու ժողովըդին), մի խոսքով զանազան տեսակ ֆինանսական խարդախություններ գործ դրեցին, որպեսզի ժողովրդի ձեռքում գտնված դրամը իր արժեքը կորցնի և հարկերը վճարելու անկարող լինի, որպեսզի առիթ ունենան նրա տնտեսության ամենաանհրաժեշա պարագայքը հարկերի փոխարեն վաճառել տալու, նրան երկրագործության աշխատություններից զրկելու համար։ Այդ միջոցները դարձյալ չկարողացան լրացնել Թուրքիայի նպատակը։ Ժողովուրդը տոկուն էր. եթե իր հայրենի երկրում վաստակ չէր գտնում, պանդխտանում էր դեպի օտար աշխարհ, այնտեղ փող էր վաստակում և բերում, լցնում էր գանձարանը։ Ուրեմն ի՞նչ պետք էր անել։ Թուրքիան մտածեց միանգամից ցամաքացնել հայ ժողովըրդի ապրուստի աղբյուրները. նա հնարեց իր կալվածական ամենախորամանկ օրենքները, և հայերը զրկվեցան կալվածատերության իրավունքից։ Հայերի ձեռքում գտնված հողերը անցան քուրդ դերբեյների, չերքեզների, մուֆթիների, ղադիների և զանազան վայրենի էշիրաթների ձեռքը։ Դրանք տեր դարձան, իսկ հայը, աշխատասեր և արդյունաբերող հայը, դարձավ այդ բարբարոսների հողերը մշակող ստրուկը և ճորտը։ Հայաստանում հայերի և մահմեդականների մեջ եղած այժմյան անթիվ և անհամար կալվածական վեճերը ու դատերր կամ մնում են կառավարության կողմից առանց ուշադրության, կամ եթե վճռում են, վճիռը կայանում է անպատճառ հօգուտ մահմեդականին։ Հազարավոր օրինակներ կան այդ մասին։ Եվ այդ վճիռների մեկի քննությունը բավական է ապացուցաեելու համար, թե կառավարությունը չէ ցանկանում, որ հայի ձեռքում հող մնա, այլ ցանկանում է, որ նա զրկվի իր պապերի ժառանգությունից, որպեսզի դրանով կարողանա ավելի։

196